«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


ՆՈՐ ՏԱՐԻՆՙ ԴՐՍՈՒՄ ԵՎ ՆԵՐՍՈՒՄ

Արդեն տասը տարուց ավելի է, ինչ հայաստանցիների որոշակի մի խավ Նոր տարին դիմավորում է մեծ մասամբ Անթալիայում, Արաբական Էմիրություններում, Կիպրոսում եւ անգամ Շրի Լանկայում: Իսկ ինչո՞ւ չեն տոնում տանը, ընտանիքի անդամների հետ կամ էլ Հայաստանի որեւէ մարզումՙ պատճառը օրեցօր աճող գներն են: Օրինակՙ Վայոց ձորի մարզի Ջերմուկի «Արմենիայում» Նոր տարվա փաթեթըՙ 5 օրը, երկու անձի համար սկսվում է 580.000 դրամից, Աղավնաձորումՙ 380.000-720.000 դրամ, Ծաղկաձորում մեկ անձի համար մեկ օրվա փաթեթը տատանվում է 20.000-80.000 դրամ, Արզնիումՙ երկու անձի փաթեթը 280.000-ից սկսած: Աղավնաձորում մեկ անձի համար 5 օրվա վճարը 90.000 դրամից է սկսվում, եւ այսպես շարունակ: Մնում է զարմանալ ու հարցնել, թե ի՞նչ սնունդ են մատուցելու նման վճարների դիմաց: Հետո էլ ուզում են, որ Հայաստանում զբոսաշրջությունը զարգանա, սակայն գների աճը չեն զսպում: Դրա համար էլ շատերը 150.000-350.000 դրամով 7-10 օր գերադասում են դրսում Ամանորը անցկացնելՙ գեղեցիկ, շքեղ ռեստորաններում, հրաշալի սպասարկումով եւ հանգստի ծրագրով, քան թե կրկնակի վճարել ու զայրանալ անփույթ, վատ սպասարկումից, հարբեցող ու չափը անցնող քեֆչիների պահվածքից, լկտի երիտասարդների ցուցամոլությունից:

Հենց Նոր տարին շատերի համար կրկնակի եւ եռակի գումարներ շորթելու հրաշալի առիթ է, ինչո՞ւ բաց թողնեն այդ հնարավորությունը: Երբ փորձեցի մոտ 10-12 տուրիստական գործակալություններից ճշտել գները, պարզվեց, որ արդեն մեկ շաբաթ առաջ Հայաստանում բոլոր տեղերը վաճառված են, այն էլ այդքան թանկ գներով: Փաթեթում նախատեսվում է օրական 3-անգամյա սնունդ: Ամանորի գիշերը տոնական ծրագիրՙ «հայտնի» ու անհայտ դերասան-երգիչների մասնակցությամբ, որոնց հետ դեռ բանակցությունները շարունակվում են: Տոնական սեղաններին կլինեն մի քանի սալաթ, խորտիկներ, միրգ, շամպայն, գինի, օղի, քաղցրավենիք: Պարզվում է, երբ ոմանց եկամուտները օդից են, հեշտությամբ էլ այդ գումարները աջ ու ձախ շաղ են տալիս...

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4