Դեկտեմբերի 9-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ» չկա գրքի շնորհանդեսըՙ կազմակերպությամբ «Օրեր» եվրոպական ամսագրի:
Բացելով հանդիսավոր երեկոն «Օրեր»ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը մասնավորապես նշեց, որ գիրքն ըստ էության դարձավ նվեր Հայաստանի եւ Արցախի անկախության քսան ամյակներին: Ներկայացնելով հեղինակին, բանախոսը նշեց, որ Շուշան Ղազարյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական արխիվում, այնուհետեւ «Գարուն», «Պիոներ» ամսագրերում, իսկ 1989-91թթ. «Ավանգարդ» թերթի հատուկ թղթակիցն էր Մոսկվայում: 1995-ից Պրահայից թղթակցում էր հանրապետական մամուլին, վերջին տարիներինՙ «Առավոտ» օրաթերթին:
Այս գրքում ներառված են ոչ միայն արխիվային փաստաթղթեր, ԽՍՀՄ Գերագույն խորհրդում կամ ԽՍՀՄ համագումարների ընթացքում քննարկված կարեւոր որոշումների հայերեն տեքստերը, այլեւ այդ տարիների մեր քաղաքական կյանքի իրական հերոսների մասին բացառիկ պատմություններ, որոնք գրվել են ականատեսի սուր աչքով եւ դիպուկ գրչով: Գիրքը լուրջ պատմական փաստաթուղթ է այս խնդրով զբաղվողների եւ ուսումնասիրողների համար: Ներկայացված է նաեւ արխիվային լուսանկարների հարուստ ընտրանի»: Հակոբ Ասատրյանի խոսքով, գիրքը եթե ոչ ամբողջությամբ, ապա գլխավոր մասերի ընդգրկմամբ անհրաժեշտ է թարգմանել նաեւ օտար լեզուներով, քանի որ այստեղ է տրված նաեւ, թե Ղարաբաղյան շարժման առաջ իսկ օրերին ինչպիսի դիրքորոշում են ունեցել հայկական կողմը, Մոսկվան եւ Ադրբեջանը: Շնորհանդեսին ներկա էին եւ ելույթներ ունեցան Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը :
Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, շնորհավորելով, իր խոսքում մասնավորապես նշեցՙ «Հեղինակը, որպես ականատես եւ մասնակից, կարողացել է առավելագույնս անաչառ եւ օբյեկտիվ կերպով ներկայացնել 1988-1991թ.թ. Ղարաբաղի հիմնահարցի շուրջ քննարկումները, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում, Երեւանում եւ Ստեփանակերտում, հայ ազգի համար այդ պատմական եւ բեկումնային իրադարձությունները: Այս աշխատությունում հանգամանալից կերպով նկարագրվել են հայաստանյան պատվիրակների ակտիվ աշխատանքները եւ անձնատուր ջանքերը Խորհրդային Միության Գերագույն խորհրդում Արցախի հարցի խաղաղ եւ արդար կարգավորման համար, նաեւ նրանց հուզմունքները, ինչու չէ, նաեւ հակասությունները: Շատ իրական են արտացոլվել նաեւ Կրեմլի որոշ գործիչների հակասական, երբեմն թշնամական, վերաբերմունքը մեր արդար պահանջի հանդեպ եւ դրանց անդրկուլուարային խաղերը, նաեւՙ մեր բարեկամների, օրինակ Արկադի Վոլսկու, նպաստավոր գործունեությունը: Գրքի հերոսներն են նաեւ արցախյան գոյամարտի մասնակիցները, ազգի նվիրյալները: Աշխատությունն անչափ օգտավետ է հայոց նորագույն պատմությունն ուսումնասիրողների, քաղաքագետների, լրագրողների, ուսանողների եւ սովորական ընթերցողի համար, քանի որ պարունակում է ծավալուն փաստագրական նյութեր:
Հայր Բարսեղն իր օրհնության խոսքի հետ մեկտեղ, մաղթեց, որ հեղինակի գրիչը միշտ արգասաբեր լինի:
«Սա մեր նորագույն պատմության մի փոքրիկ մասնիկն է, եւ այդ պատմությունը, որ դժվարությունների միջով անցել է, թող դառնա հուշ: Գրքի «Խաչվածին մահ չկա» վերնագիրը շատ խոսուն է: Իրոք, մի ժողովուրդ, որ խաչվել է հանուն Քրիստոսի, չի կարող մահանալ», ասաց Հայր սուրբը:
Շուշան Ղազարյանի ամուսինըՙ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը նույնպես գնահատեց իր տիկնոջ կատարած բացառիկ աշխատանքըՙ այն համեմատելով զավակի ծննդյան հետ: Նրա գնահատմամբ գիրքը գրվել է Ղարաբաղի նկատմամբ անհուն սիրով: «Գրքում նշված շատ գնահատականների հետ կարող եք համաձայնել կամ չհամաձայնել, բայց չեք կարող չնկատել մի կարեւոր բանՙ անյտեղ կա Շուշանի սերը Ղարաբաղի նկատմամբ, որ երեւում է գրքի առաջինից մինչեւ վերջին էջերը», ասաց Արմեն Քոլոյանը:
Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը , որը գիրքն արդեն ընթերցել էր հուզմունքով ու հիացմունքով, իր ելույթում անդրադարձավ գրքի փաստավավերագրական եւ գեղարվեստական արժանիքներին:
«Իր երկրի ճակատագրով, իր երկրի անցյալ ու ներկա պատմությամբ ապրող քաղաքացու հաճախ խարանող խոսք է, խոսք, որում հնչող ճշմարտությունը վեր է ամեն տեսակ քաղաքականությունից: Գրքի արժեքը ոչ միայն փաստավավերագրական տարեգրությունն է Ղարաբաղյան շարժման երեք կարեւոր տարիների 1988-91թթ. մասին, այլեւ գեղարվեստական այն գեղեցիկ ոճը, որով ի հայտ է դառնում, որ հեղինակը օժտված է գրողի ձիրքով: Գրքի էջերում միահյուսված են զայրույթն ու ատելությունը, ժխտումն ու հաստատումը, հումորախառն ծիծաղն ու լացը, եւ այս ամենը մեր ոսկեղենիկ հայերենով»,¬ իր խոսքում հաստատեց տիկին Գրիգորյանը: Նա նաեւ հատվածներ ընթերցեց գրքից, եզրափակելով, որ ղարաբաղյան պայքարի պատմությունն ավարտուն չէր լինի, եթե բացակայեր մոսկովյան շրջանը:
Շուշան Ղազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներից ու բոլոր աջակիցներից, եւ ընդգծեց, որ գիրքը նվիրված է Հայաստանից եւ Արցախից ընտրված այն ԽՍՀՄ պատգամավորներին, որոնց ինքը շատ է սիրում: Այն էներգիան, այն եռանդը, այն սերը, որ նրանք դրեցին Արցախի հարցի խաղաղ կարգավորման խնդրում, միգուցե եւ չօգնեց հարցը խաղաղ ձեւով կարգավորելուն, բայց օգնեց հարցի միջազգայնացմանը: Ազատության հրապարակից տեղափոխվեց Մոսկվա, ուր տարբեր լեզուներով լրատվական կազմակերպությունների միջոցով սփռվեց ամբողջ աշխարհով մեկ: Ղարաբաղի հարցը դարձավ միջազգային խնդիր եւ մինչ այսօր քննարկվում է միջազգային տարբեր ֆորմատներով: Մեր պատգամավորները հսկայածավալ աշխատանք արեցին եւ միջազգայնացման համար նաեւ նրանց ենք պարտական:
Նա նաեւ նշեց, որ գիրքը կարող է ունենա սուբյեկտիվ տարրեր, բայց ինքը ջանացել է անկախ իր համակրանքից ու հակակրանքից գրել միայն ճշմարտությունը, քաղաքական խնդիրները մեկնաբանել է բարոյականության տեսակետից: Մեր պատգամավորների աշխատանքը չհարգվեց մեր երկրում, շատերին թույլ չտրվեց նույնիսկ խորհրդարան մտնել, եւ ես որոշեցի գրել այս գիրքըՙ իբրեւ անմահ հուշարձան նրանց կատարած գործի, որ պատմության մեջ մնան եւ հիշեն նրանց, նրանց եռանդը, նրանց ջանքերը, Մոսկվայի նենգ ու հարափոփոխ քաղաքականության դեմ»:
Գրական երաժշտական ձեռնարկի ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Արցախի հեռուստաընկերության նկարահանած «Ութսունութի արձագանքները» ֆիլմից, պատմական լուսանկարներ Շուշան Ղազարյանի արխիվից, ինչպես նաեւ երաժշտական գեղեցիկ համարներով հանդես եկան պատանի կատարողներ Վարինե Մկրտչյանը, Սոնա Քոլոյանը եւ Մոնիկա Հարությունյանը: Ձեռնարկի ընթացքում ցուցադրվեց նաեւ գրքի հերոսներից մեկիՙ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանի տեսագրված խոսքը Շուշանի գրքի մասին, ինչպես նաեւ լրագրող Ռուզան Մինասյանի գնահատականըՙ իր գործընկերոջ աշխատանքի մասին:
Վերջում ներկաները ձեռք բերեցին գրքի օրինակներ, որին հետեւեց շնորհանդեսի հյուրասիրությունը:
Հ.Գ. - Գիրքը վաճառվում է Երեւանի գրախանութներում, իսկ արտասահմանում բնակվողները կարող են պատվիրել` նամակ գրելով հեղինակին shushanghaz@hotmail.com հասցեով:
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիր