Չինաստանում ընթացող ինտելեկտուալ խաղերի փառատոնում ավարտվեց արագ շախմատի մրցաշարը: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնող Էլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ: 7 հնարավորից վաստակելով ընդամենը 1,5 միավոր, Էլինան 16 մասնակիցների մեջ եզրափակեց աղյուսակը: Նա ընդամենը 3 ոչ-ոքի գրանցեց իր օգտին, որոնցից երկուսըՙ մեկնարկային տուրերում: 3-րդ տուրում Էլինան անդրանիկ պարտությունը կրեց Նանա Ձագնիձեից, ապա հաշտություն կնքեց Անտոանետա Ստեֆանովայի հետ: Ավարտական 3 տուրերում Դանիելյանը պարտություններ կրեց Հարիկա Դրոնավալիից, Վիկտորիա Չմիլիտեից եւ Աննա Զատոնսկիխից:
Արագ շախմատի մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, որը վաստակեց 6 միավոր: 4,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին ուկրաինացի Կատերինա Լահնոն, վրացի Նանա Ձագնիձեն եւ չինացի Յու Վենցզյունը:
Արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո շախմատիստուհիները երեկ սկսեցին մրցավեճը կայծակնային խաղումՙ անցկացնելով առաջին 8 պարտիաները: Էլինա Դանիելյանը կրկին անհաջող է հանդես գալիս: Նա 8 հնարավորից վաստակած 2 միավորով ընթանում է նախավերջինՙ 15-րդ տեղում:
Հայ շախմատիստուհին մրցաշարը սկսեց Կատերինա Լահնոյից կրած պարտությամբ, ապա հաշտություն կնքեց Յու Վենցզյունի հետ: Այնուհետեւ հետեւեցին պարտությունները Ելենա Դեմբոյի եւ Վիկտորիա Չմիլիտեի հետ պարտիաներում: 5-րդ տուրում Էլինան ոչ-ոքի խաղաց Մոնիկա Սոչկոյի հետ, իսկ հաջորդ մրցախաղում վերջապես անդրանիկ հաղթանակը տոնեց Ալեքսանդրա Կոստենյուկի նկատմամբ: Ցավոք, հաջորդ 2 պարտիաներում Դանիելյանը կրկին անհաջողության մատնվեցՙ զիջելով Էլիզաբեթ Պյոտչին եւ Անտոանետա Ստեֆանովային:
8 տուրից հետո կայծակնային մրցաշարում 6,5 միավորով առաջատարն աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանն է: 5,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Ելենա Դեմբոն, Կատերինա Լահնոն եւ Աննա Մուզիչուկը:
Այսօր կկայանան ավարտական 7 տուրերը, որոնք կանվանեն կայծակնային խաղի հաղթողին: Այնուհետեւ մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն «կույր» շախմատում:
Արագ շախմատի տղամարդկանց մրցաշարում հաջողությունն ուղեկցեց չինացի Վան Հաոյին, որը 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր: 2-րդ տեղը 5 միավորով գրավեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովը: 3-րդ տեղը զբաղեցրեց 4,5 միավոր վաստակած, ԱՄՆ-ը ներկայացնող Գատա Կամսկին: Անսպասելի էր ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի թույլ ելույթը, որը 2 միավորով եզրափակեց աղյուսակը:
Իսկ ահա կայծակնային մրցաշարում Իվանչուկը համեմատաբար հաջող է ելույթ ունենում: Նա 8 տուրից հետո վաստակած 4,5 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Առաջատարն ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն էՙ 6,5 միավոր: 6 միավորով 2-րդ տեղում ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է: