Հայ գրատպության 500-ամյակի առիթով խոշոր ցուցահանդես է նախապատրաստվում հայ տպագիր գրքի ծննդավայր Վենետիկումՙ երկու երկրների նախագահների բարձր հովանավորությամբ։ Հայկական քաղաքակրթության ընթացքըՙ մշակույթի, արվեստի, գիտության նվաճումների բազմաթիվ ցուցանմուշներ կհյուրընկալվեն Կորրեր եւ Հնագիտական ազգային թանգարանների եւ Մարչանա ազգային գրադարանի դահլիճներում։ Այս ցուցահանդեսը պաշտոնական սկիզբը կլինի տարվա ընթացքում եվրոպական տարբեր քաղաքներում, մասնավորապես Հայաստանի մայրաքաղաքում հաջորդաբար տեղի ունենալիք հոբելյանական հանդիսությունների, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբՙ Երեւանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք է հայտարարված։
Հարուստ ու բազմաբնույթ ցուցահանդեսը ժամանակագրական կարգով ներկայացնելու է հայ մշակույթի տարբեր շերտերին պատկանող երկու հարյուր արվեստի գործՙ բերված Հայաստանի եւ Եվրոպայի երկրների թանգարաններից ու գրադարաններիցՙ հազվագյուտ ձեռագրեր, մանրանկարներ, խաչքարեր, ճարտարապետական ժանեկազարդ դեկորներ, որոնց նման համատեղ ցուցադրություն առաջին անգամ է կայանալու։ Ցուցանմուշների ներկայացումը ընթանալու է ձայնային հատուկ սարքավորումների միջոցով տարածվող հայկական երաժշտության մթնոլորտում, ինչն, անկասկած, ավելի տպավորիչ է դարձնելու հայ մշակույթիՙ վաղ քրիստոնեությունից միջնադար եւ այսօրվա ընթացքըՙ տարաշերտ նմուշների ցուցադրությամբ։ Այն նաեւ այցելուին բավականին տեղեկություններ կտա աշխարհի տարբեր մշակույթների հետ հայկականի փոխառնչությունների, մասնավորապես հայ-իտալական հարաբերությունների եւ դրանց արվեստային արձագանքների մասին։
Առանձին բաժիններով կներկայացվեն գիտության, աստվածաբանության, իմաստաբանության, պատմագիտության բնագավառներում հայկական ձեռքբերումները։ Մի առանձին բաժին կհատկացվի 1512-ին Վենետիկում հայ առաջին տպագրական նմուշին հետեւած այս ոլորտի զարգացումներին ու լավագույն օրինակներին, Վենետիկում հայ տպագրության հարուստ պատմությանը, որի մեջ խոշոր ներդրում են ունեցել Ս. Ղազարի Մխիթարյան միաբանության հայրերը։
Ցուցահանդեսի կատալոգը պատրաստվում է Իտալիայում, տեղի հայագետների մասնակցությամբ, տպագրությունը ստանձնել է «Սկիրա» հրատարակչությունը։
Ցուցահանդեսի նախաձեռնողներն են Հայկական գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովըՙ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, Վենետիկի քաղաքային թանգարանների հիմնարկը, ՀՀ Հռոմի դեսպանությունը, Մխիթարյան միաբանությունը, Վենետիկ քաղաքի եւ Վենետիկյան լճակի եզրամասերի համայնքների պատմական, գեղարվեստական եւ ազգագրամարդաբանական ժառանգության եւ թանգարանային բեւեռին վերահսկող հատուկ գերատեսչությունը եւ Մարչանա ազգային գրադարանը. կազմակերպությունը հանձնված է ՀՀ մշակույթի նախարարությանը եւ Վենետիկի քաղաքային թանգարանների հիմնարկին։ Կարգավորողներն են Գաբրիելլա Ուլուհոճյանը, Հ. Լեւոն Չեքիյանը, Վարդան Կարապետյանը։
Ցուցահանդեսի հայ-վենետիկյան բաժինը ցուցադրությամբ կշարունակվի նաեւ Սբ Ղազարի Մխիթարյան մայրավանքի թանգարանում։
Մ. Բ.