ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւանի բնակիչ Սոնիկ Մաղաքյանը մինչեւ 2004 թվականն ապրել է Բյուզանդի 13-21 հասցեում: 2004-ին այս հասցեի բնակարաններն իրացվել են, եւ նախկին բնակիչներին խոստացել են ապահովել բնակարաններով: Սոնիկ Մաղաքյանին խոստացել են բնակարան տալ Արամի 72-80 հասցեում, տիկին Մաղաքյանը նույնիսկ 20 միլիոն դրամից էլ ավելի գումար է վճարել նոր բնակարան ստանալու համար: Սակայն 7 տարիների ընթացքում նա ոչ միայն բնակարան չի ստացել, այլեւ պարզել է, որ իր գնած ու իրեն հասանելիք բնակարանը միաժամանակ վաճառված է մի քանի հոգու:
Արամի 72-80 հասցեից բնակարաններ սպասող քաղաքացիներից Սոնիկ Մաղաքյանը միակը չէ, որը հայտնվել է նման պատմության մեջ: Իհարկե, առաջին բացատրությունը նրանք պահանջել են շենքի բաժնետերերից` Գագիկ Պապոյանից ու Սիմոն Աղազարյանից: Ստացել են միեւնույն պատասխանը` թյուրիմացություն է պատահել, ձեզ ուրիշ բնակարան կտանք:
Բնակարանների առուծախի պայմանագրերից տուժած քաղաքացիները, որոնք երեկ հավաքվել էին «Հայելի» ակումբում, կոնկրետ չնշեցին, թե ո՞ր բաժնետիրոջը կառուցապատող ո՞ր ընկերությունն է պատկանում: Միայն ընդհանուր նշեցին, որ ապօրինություններն իրականացնողը «Դավիթ-Նարեկ», «Գրանտ-Ինվեստ», «Գապբնակշին» բաժնետեր ՍՊԸ-ներն են եւ բաժնետերեր Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարանը:
Սոնիկ Մաղաքյանը պատմեց. «Գագիկ Պապոյանի կատարածի մասին հաղորդել եմ ոստիկանություն, սակայն ոչինչ չեն արել: Նրանք թաքցնում են Պապոյանին եւ ինձ պատասխանել են, թե Պապոյանը մեկնել է Մոսկվա: Իսկ Սիմոն Աղազարյանը պետք է դատապարտվեր 12 տարի ազատազրկման, սակայն հիմա ազատության մեջ է»:
Այսօրվա դրությամբ` Արամի 72-80 շենքի 172 բնակարանի համար կնքվել է նախնական առուծախի շուրջ 700 պայմանագիր: Այսինքն` մի բնակարանի համար վճարել են մի քանի հոգի, իսկ թե վերջում ո՞վ կստանա բնակարանը, գնորդները չգիտեն: Ըստ Սոնիկ Մաղաքյանի` պայմանագրերն էլ կնքել է նոտար Ալվարդ Մելքոնյանը: Բանախոսը պատմեց` երբ գնացել է իր բնակարանը, տեսել է, որ դռան վրա գրված է` վաճառված է, եւ նշված են եղել ոչ թե իր, այլ ուրիշ մարդկանց հեռախոսահամարները. «Իմ իմանալով` ես իմ բնակարանի 4-րդ գնորդն եմ»:
Երեւանի բնակիչ Վահան Սարուխանյանը եւս տուժել է առուծախի պայմանագրից: Մինչեւ 2006 թվականը նա ապրել է Եկմալյան փողոցի վրա, 2006-ին այդ շենքը քանդել են: Վահան Սարուխանյանը պայմանագիր է կնքել «Գրանտ Ինվեստ» ընկերության հետ, որպեսզի նոր բնակարան ստանա Արամի 72-80 շենքից, սակայն դեռ չի ստացել: Սիմոն Աղազարյանն այնուհետեւ առաջարկել է նրան սպասել մինչեւ ուրիշ շենք կկառուցեն ու իրեն բնակարան կտան այդ շենքից: Վահան Սարուխանյանը նոր պայմանագրի առաջարկին չի համաձայնել, սակայն առանձնապես մեծ հույս էլ չունի, թե Արամի 72-80-ից հեշտ ու հանգիստ բնակարան կստանա:
Վահան Սարուխանյանը 2006-ից վարձով է ապրում, Գագիկ Պապոյանը մի քանի տարի վճարել է տան վարձը: «Սակայն վերջին 2 տարիներին վարձի գումար այլեւս չեմ ստացել: Իսկ հիմա չգիտեմՙ ո՞ւմ դիմեմ, ինչպե՞ս վարվեմ», ասում է պարոն Սարուխանյանը:
Արամի 72-80-ից բնակարաններ սպասող քաղաքացիները երեկ հավաքվել էին նաեւ սույն շենքի մոտ: Այստեղ հանդիպեցի Գառնիկ Այվազյանին, որը նախկինում ապրել է Արամի 78 շենքում, որը քանդել են: Գառնիկ Այվազյանը պայմանագիր է կնքել «Գապբնակշին» ընկերության տնօրեն եւ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետարանի լիազորված անձ Սիմոն Աղազարյանի հետ, որպեսզի բնակարան ստանա Արամի 72-80-ից: Գառնիկ Այվազյանը դեռեւս բնակարան չի ստացել, թեեւ ստանալու ժամանակն արդեն լրացել է: «Ոչ էլ գիտեմ, թե որն է իմ բնակարանը, որպեսզի պարզեմ` վաճառե՞լ են ուրիշին, թե՞ ոչ»:
Արամի 72-80-ից բնակարաններ սպասող քաղաքացիների մի մասն արդեն դիմել է կառավարություն, ՀՀ նախագահի աշխատակազմ` պահանջելով լուծել բնակարանների հարցը, սակայն որեւէ լուծում դեռ չեն գտել: Նույնիսկ չգիտեն` արժե՞ դիմել դատարան, թեեւ շենքի բաժնետերերը հենց դա են խորհուրդ տվել: Շենքի առջեւ հավաքված քաղաքացիներն ասում են, որ դատարաններին չեն վստահում, եւ վախենում են, որ դատարանը հերթական թակարդն է լինելու: