Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը տարածաշրջանի առումով նշանակություն ունենալուց բացի, նաեւ այլ տեսանկյուններից է գնահատականների արժանանում, հատկապես երբ շահագործում է ռուսաստանյան կողմը, իսկ Ադրբեջանն էլ գտնվում է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ երկրորդ կարգի հարեւանների առումով այնպիսի երկրների միջեւ, որտեղ իրադրությունը, մեղմ ասած, հանգիստ չէ: Ասել է թե ռադիոլոկացիոն կայանն այսօրինակ իրավիճակում մեծ դերակատարություն է ձեռք բերում:
Կայանի վարձակալության ռուս-ադրբեջանական պայմանագրի ժամկետը լրանալու հանգամանքը ասպարեզ բերեց բազմաթիվ խոսակցություններ ու վերլուծություններ, թե ինչ զարգացում կարող է ունենալ կայանի ապագան: Ներկա դրությամբ ակնհայտ է, որ այն կմնա Ռուսաստանի հսկողության տակ, միեւնույն ժամանակ կբարձրացվի վարձակալության վճարը, բայց որքանով` դա դեռ կքննարկեն:
Ադրբեջանական կայքէջերը տեղեկացնում են, որ երեկ իսկ մեկնարկել են ռուս-ադրբեջանական միջկառավարական մակարդակի բանակցությունները կայանի վարձակալության հարցի ու նախատեսվող վարձավճարի չափի առնչությամբ: Բաքու ժամանած ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, իսկ բանակցություններն էլ նախատեսվում է ավարտել մինչեւ դեկտեմբերի 15-ը:
2002-ին կայանի վարձակալության առնչությամբ ստորագրված ռուս-ադրբեջանական համաձայնագրի ժամկետը ավարտվում է 2012-ի դեկտեմբերի 24-ին: Այդ ժամկետը մինչեւ 2025-ը երկարաձգելու ռուսական ցանկությանն ընդառաջ Ադրբեջանը ներկայումս պահանջում է ոչ միայն առավել բարձր վարձավճար, այլեւ կայանի աշխատանքներում ադրբեջանցի զինվորական անձնակազմի ավելի մեծ թվով ներկայացուցիչների ներգրավում` տեղի բնակիչներին թողնելով կայանին կից զինվորական ավանի սննդի, առեւտրի եւ այլ ոլորտների ծառայությունների ու սպասարկման ապահովումը:
Իսկ հիմքում փաստացի հնացել են այն բոլոր փաստարկները, որ Գաբալայի կայանի կարեւորությունն էին շեշտադրում դեռեւս 2002-ին, երբ ստորագրվում էր ռուս-ադրբեջանական վարձակալական համաձայնագիրը` խորհրդանշական վարձավճարով: Այն ժամանակ Ռուսաստանը փորձում էր Գաբալայի կայանի միջոցով լուծել Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման դեմ իր պայքարի արդունավետության հարցը, իսկ Ադրբեջանն էլ հավասարակշռելու փորձ էր անում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որոնք այնքան էլ նպաստավոր ընթացք չէին ստանում:
Սակայն ներկայումս, որքան էլ ռադիոլոկացիոն կայանն ինքը կարեւորություն ունենա, դրա նշանակությունը երկու կողմի համար էլ բավականին նվազել է, ուստի բանակցությունների արդյունքը կարող է լինել ինչպես համաձայնագրի երկարաձգումը, այնպես էլ մասնակի կամ ամբողջական դադարեցումը: Մյուս կողմից, դա բնավ էլ չի խոսի ռուս-ադրբեջանական նորմալ հարաբերությունների մասին:
Ռուսաստանյան կողմն, ի դեմս պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, շահագրգռված է պահպանել նույն վարձավճարը, ասել է թե ադրբեջանական կողմից առաջ քաշված մի քանի անգամ նախկինը գերազանցող վարձավճարի պայմանը թեժ քննարկման թեմա կարող է դառնալ: Բայց դրանով հանդերձ, Ռուսաստանը ցանկանում է նաեւ կրճատել կայանով զբաղված տարածքները, քանի որ կայանը ամբողջությամբ պետք է վերակառուցվի, իսկ նորացված կայանի դեպքում զգալի տարածքների կարիք չի լինի: Նոր կայանը կլինի «Վորոնեժ-ՎՊ» տիպի` ներկայիս «Դարյալի» փոխարեն: