Հայտարարում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի
նախագահ ՋեմիլՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «թուրք ղեկավարները վաղ թե ուշ ծնկի են իջնելու Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ» խոսքերին բուռն հակազդեցությամբ արձագանքել էր Եվրոմիության գծով նախարար եւ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը, ընդ որումՙ ամենայն սանձարձակությամբ: Այդ արձագանքը դեկտեմբերի 12-ին տեղ էր գտել Եվրասիական ուսումնասիրության կենտրոնի պաշտոնական կայքէջ avim.com-ում:
Ըստ կայքէջի, Բաղըշը «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շրջանային կազմակերպությունների համագումարում ասել է. «Օրերս հարեւան փոքրիկ երկրի իր չափը չիմացող ղեկավարըՙ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը թուրքերի մասին իրենից դուրս բաներ է ասել: Ես այս ամբիոնից դիմում եմ նրան եւ ասում. «Դու սովի եւ աղքատության մատնելով ուժասպառ ես արել քո ազգին: Սովի պատճառով Հայաստանի բնակչությունը 4 միլիոնից նվազել է 2 միլիոնի: Մարդիկ երկրից փախչում են: Նրանց մի մասը եկել է մեր երկիր: Այստեղ մեր ծերերին ու երեխաներին են խնամում: Դա թուրք ազգի մեծահոգության ցուցանիշն է: Եթե հարկ է պատասխանել նրան, ապա թող իմանա, որ թուրքերին ծնկի իջեցնելը դեռ որեւէ մեկին չի հաջողվել: Կարծում եմ, նա զգալով այս խոսքերի գինը իր երկրի համար, արդեն պետք է սկսած լինի ծեծել իր ծնկերը: Թող ոչ ոք չկասկածի, որ մեր ազգը գիտի անգիտակիցներին ծնկի բերելու ձեւը»:
Հաջորդ օրը սանձարձակությամբ Բաղըշին է հավելել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբՙ Մեջլիսի նախագահը, մասնակցելով Հեյդար Ալիեւի մահվան 8-րդ տարելիցի առթիվ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած երեկոյին, «ցնցող» խոսքեր է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:
Թուրքական հանրայինի հաղորդմամբՙ Չիչեքն ասել է, որ ներկա պահին կարեւորագույն խնդիրը Ադրբեջանի տարածքի 1/5-ի գտնվելն է օկուպացիայի տակ, Հայաստանը ոչնչացնելով օկուպացրած տարածքի բնական պաշարները, մարդկության դեմ գործում է նաեւ մեկ այլ հանցագործություն: Այնուհետեւ Չիչեքն անդրադարձել է «ցեղասպանության պնդումներով Հայաստանիՙ Թուրքիային հասցրած մեղադրանքներին»: Ապա նա նշել է. «Մինչդեռ նորագույն պատմության ամենամեծ կոտորածներից մեկը 1992-ին աշխարհի աչքի առջեւ իրականացվեց Խոջալուում: Այդ կոտորածներին անձամբ մասնակցել է ներկայումս Հայաստանի նախագահի պաշտոնը վարող Սերժ Սարգսյանը»:
Վերջում Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքն ավելացրել է. «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրավունքների պաշտպանությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Կովկասում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող գլխավոր խնդիրն է: Մենք հիմնահարցով շահագրգիռ պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում վերջ տալ հայերի անարդարացի օկուպացիային: Ադրբեջանի տարածքում օկուպացիայի վերացումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման անառարկելի նախապայմանն է»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ