«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2011-12-10 | #225, 2011-12-13 | #226, 2011-12-14


ՆՈՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ՈՒԼՆԵՑԻ-ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Կկառուցի «Դորոժնիկ» ՍՊԸ-նՙ փոխարենը ստանալով հարակից հողերը բնակելիներ կառուցելու համար

Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջեւ «Հարավկովկաuյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2,5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կկառուցվի: Այդ մասին համապատասխան որոշումը կընդունվի վաղըՙ կառավարության նիստի ժամանակ:

Համաձայն ճանապարհի կառուցման մասին որոշման նախագծի, «Երեւաննախագիծ» ընկերության նախնական հաշվարկներով, ավտոճանապարհ կառուցելու արժեքը կազմում է շուրջ 850 մլն դրամ: Երեւան համայնքի բյուջեի միջոցները չեն կարող բավարարել նշված ճանապարհը կառուցելու համար: Ըստ անշարժ գույքի կադաստրի տվյալների, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այդ տարածքներում բնակավայրերի նշանակության հողամասերի 1 քմ մակերեսի շուկայական միջին արժեքը 40000 դրամի միջակայքում է: Այսինքն, 1,4 հա հողամասի շուկայական արժեքը կարող է կազմել միայն 568 մլն դրամ: Հետեւաբար, կառավարության որոշմամբ ճանապարհի կառուցումը կիրականացնի «Դորոժնիկ» ՍՊԸ-ն, դրա դիմաց ձեռք բերելով նոր փողոցին հարակից վերոնշյալ 1,4 հա տարածքը եւ այնտեղ կառուցելով «15-20 2-3 հարկանի առանձնատներ, ինչպես նաեւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ 5-7 միավոր հասարակական նշանակության շինություններ»:

2,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը կլինի 7-9 մետր, ապահովելով կայանատեղեր, իսկ մայթերի լայնությունը` 1,5 մետր: Ավտոճանապարհը Ուլնեցու փողոցը կկապի Ռուբինյանց փողոցի հետ` առանց փողոցների հետ հատումի: Զգալիորեն կթեթեւանա Կոմիտասի պողոտայի, Դ. Անհաղթի, եւ Ռուբինյանց փողոցների երթեւեկությունը, կբարելավվի Ռուբինյանց-Պ. Սեւակ փողոցների խաչմերուկի թողունակությունը: Շինարարության առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2012-ի հոկտեմբերին:

Հաջորդ փուլերով ճանապարհը հասնելու է մինչեւ Ազատության պողոտա, Հ. Քոչարի փողոց եւ Կոմիտասի պողոտա, հետո նաեւ 1-ին փուլում կառուցված ճանապարհահատվածը Ռուբինյանց փողոցի վերջնամասում կկապվի դեպի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջաններ տանող ճանապարհներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4