Այս օրերին Քարդաշյան ազգանունը չի իջնում ամերիկյան շոու բիզնեսին առնչվող թեժ լրահոսից: «Reality TV show» աստղ Կիմ Քարդաշյանի առանց այն էլ վայրիվերվող վարկանիշն այսօր սրընթաց անկում է ապրում իր ներկայացրած ապահարզանի մասին սենսացիոն դիմումից հետո: Ընդհամենը 72 օր տեւած ամուսնությունը NBA ակումբի բասկետբոլիստ 26-ամյա Քրիս Համպրիսի հետ գերազանցեց հոլիվուդյան արագ ամուսնությունների բոլոր ռեկորդները: Հարսանիքն իր ճոխությամբ եւ երեւույթի վրա զանգվածային լրատվամիջոցների սեւեռմամբ «մարտահրավեր» էր թերեւս տարվա թագավորական հարսանիքիՙ արքայազն Վիլիամի եւ Քեթ Միդլտոնի պսակադրությանը: Պարզապես արդեն 31-ամյա Կիմը շտապ պիտի իրականացներ իր երազանքների այն հեքիաթ-հարսանիքը, ուր ինքը կփայլեր հարսի զգեստում հայկական շլացնող իր գեղեցկությամբ, կողքին ունենալով Քրիս Համպրիսի պես բարձրահասակ, թիկնեղ մի փեսացու, որը կնվիրեր իրեն 2 միլիոնանոց հարսանեկան մատանի, հանդեսի ընթացքում նա երեք անգամ կզգեստափոխվեր, կկտրեր 15 հազար դոլար արժողության հարսանեկան կարկանդակը:
Մամուլը շարունակում է պնդել այն կարծիքը, թե հոլիվուդյան ապագա սցենարի հավակնող այս հարսանիքը Քարդաշյան ընտանիքի «Kipping up with the Kardashians» շոուի ամենահաջողված ներկայացումն էր, ինչն արժեցավ 10 միլիոն ու բերեց 17 միլիոն դոլարի եկամուտ:
Այս թեման թերեւս երբեք հայ լրագրողի համար նախապատվություն չլիներ, եթե աշխարհով մեկ չհոլովվեր հայկական ազգանունը: Ինչպիսի՞ն է ուրեմն ամերիկահայերի վերաբերմունքը Քարդաշյան ազգանվանն առնչվող այս վերջին խայտառակության նկատմամբ: Նախ ասենք, որ անկախ բոլոր դրդապատճառներից, այս սկանդալային ապահարզանի առաջին զոհը հենց ինքըՙ Կիմն է, ընտանիքի մայր դառնալու առ այսօր իր խորտակված անուրջներով: 31 տարեկանը սուպերմոդելի համար արդեն թոշակային է: Հայտնի է, որ գեղեցկությունը այն միակ «թերությունն» է, որն արագ անցնում է: Այս շտապ հարսանիքի դրդապատճառներից մեկը ըստ Կիմի եղել է այն, որ իր մամա-մենեջեր-մամաջերՙ Քրիս Ջենները մի առիթով ասել է, թե իր տարիքում նա արդեն 4 երեխա ուներ: Ի դեպ, այս օրերին Կիմի «անբախտության» առիթով արցունք թափող մայրը արդյո՞ք զղջում է այն բանի համար, որ մենեջերի իր ողջ հմտությունը ուղղվել է դստեր գեղեցկությունը կապիտալ դարձնելու նպատակին միայն: Թերեւս հանգամանքների առավել բարենպաստ զարգացումներ լինեին, եթե ողջ լիներ ընտանիքի հայրըՙ արժանավոր հայ, հայտնի իրավաբան, բիզնեսմենՙ Ռոբերտ Քարդաշյանը, ով պատգամել է իր զավակներին երբեք չփոխել հայի ազգանունը: Հոր ազդեցությունը մեծ է եղել ընտանիքում նույնիսկ ծնողների բաժանումից հետո: Նշանավոր մոդելուհին իր գրեթե բոլոր հարցազրույցներում ցավով է հիշում հոր կորուստը, նշում նրա ավանդը իր զավակների հայ ինքնության ձեւավորման գործում: «Հայկական Զարկերակ» ռադիոալիքին տված հարցազրույցներից մեկում Կիմը պատմում է իր հորական տատի մասին: Թոռները նրան Նանա են ասել եւ շատ սիրել նրա պատրաստած հայկական համեղ կերակուրները, մանավանդՙ բիշին եւ լահմաջուն: Ուշագրավ է, որ Քարդաշյանների ընտանիքում հավաքույթների ժամանակ պարում են հայկական շուրջպար շոտլանդուհի մորՙ Քրիս Ջենների առաջնորդությամբ, որ վաղուց արդեն ուրիշ ամուսին ունի:
Ի դեպ, ճիշտ այն օրերին, երբ սկանդալային ամուսնալուծության մասին լուրերով հեղեղված էր համացանցը, Հոլիվուդում կայանում էր «Dancing with the stars» մեծ ռեյտինգ վայելող հեռուստաշոուն, որին մասնակցում էր Քարդաշյան քույրերի աչքի լույս միակ եղբայրՙ 24-ամյա Ռոբերտ Քարդաշյան կրտսերը: Համակրելի, խելացի մի երիտասարդ, որ զարմացրեց ժյուրիին իր պարային տվյալներով: Մրցույթին Ռոբերտը կատարեց մի պար` նվիրված իր հոր հիշատակին: Նա իր պարընկերուհու հետ գրավեց երկորդ տեղը, ինչը մեծ հաջողություն էր տեխնիկայի եւ արտիստիզմի զրոյական տվյալներով մեկնարկած Ռոբերտի համար: Ի դեպ, այս հաջողության գործում մեծ լումա ունեցան հազարավոր ամերիկահայերի զանգերի քվեները հօգուտ Ռոբերտի:
Ահա այսպես: Ինչ ուզում է լինի, մենք սիրում ենք եւ պաշտպանում մեր հայահունչ ազգանունը:
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք