«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՄՇԱԿՎԵԼ Է ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2012-2013ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի ութերորդ նիստը:

Խորհրդի հերթական նիստին մասնակցում էին համապատասխան աշխատանքներում ներգրավված ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները, ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատուները, ԵՄ անդամ երկրների դեսպանները, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների ղեկավար կազմը:

Բացման խոսքում շնորհավորելով դեսպան Տրայան Հրիեստեային Հայաստանի Հանրապետությունում Եվրոմիության պատվիրակության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ նրա առաքելությունը կլինի արդյունավետ եւ նորանշանակ ղեկավարը նոր որակներ կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցությանը` շարունակելով լավ ավանդույթները:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության այն ակտիվ երկրներից է, որտեղ բարեփոխումները նախանշված ուղղություններով եւ ժամանակացույցով առաջ են ընթանում: Հայաստանի համար ընդունելի է «ավելին ավելիի դիմաց» ԵՄ հռչակած կարգախոսը», ասել է Արթուր Բաղդասարյանը եւ ընդգծել, որ հաջողությամբ ավարտվում է ՀՀ-ԵՄ համագործակցության 2009-2011թթ. ծրագիրը եւ արդեն պատրաստ է ԵՄԽԽ-ի հետ համատեղ մշակված 2012-2013թթ. ծրագիրը: Ծրագիրն արդեն ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին եւ նախատեսվում է արդեն 2012թ. սկզբին այն քննարկել ԱԱԽ նիստում եւ ներկայացնել Հանրապետության նախագահի վավերացմանը:

ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան շնորհակալություն է հայտնել նիստը համանախագահելու եւ Հայաստանում ԵՄ-ի հատուկ նախաձեռնություններից մեկի` ԵՄԽԽ-ի գործունեության քննարկմանը մասնակցելու հրավերի համար եւ վերահաստատել իր պատրաստակամությունը ըստ ամենայնի նպաստել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: «Պատիվ եմ համարում ղեկավարելու ԵՄ պատվիրակությունը Հայաստանում` հաշվի առնելով այն լուրջ դրական զարգացումները, որոնք առկա են ՀՀ-ԵՄ հարաբերություններում», ասել է դեսպանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն եւ Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդտը իրենց խոսքում բարձր են գնահատել Հայաստան-Եվրոմիություն համագործակցության ընթացքը:

ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անթի Հարթիկայնեն ներկայացրել է խմբի գործունեության 2011թ. վերջին եռամսյակի հաշվետվությունը եւ 2012թ. առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4