«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՙ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը նորություն չէ, ոչ էլ արտառոց մի մոդել, որով աշխարհում աշխատում են պետություններն ու ընկերությունները: Եվրոպական միության շրջանակներում, օրինակ, այդօրինակ համագործակցության համաձայնագրեր ու պայմանագրեր վերջին երկու տասնամյակում կնքվել են ավելի քան 1400-ը, երբ անհրաժեշտություն է առաջանում պետության ու մասնավոր ընկերության կամ ընկերությունների համատեղ ջանքերով ու ֆինանսավորմամբ լուծել տարաբնույթ հարցեր:

Հայաստանում էլ այդպիսի համագործակցության օրինակներ արդեն կան տարբեր ոլորտներում, նաեւ զբոսաշրջության, որ գերակայություն է հայաստանյան տնտեսության համար: Այս օրերին էլ ընթանում է կլոր սեղանների շարք զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների զգալի մասնակցությամբ, որը նախաձեռնողը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն է: Ի դեպ, ՀԱՄՀ-ն էլ պետական ու մասնավոր հատվածների համագործակցության ու համաֆինանսավորման ձեւով կառուցված կազմակերպություն է, որի այդպիսի համատեղության մի օրինակ Տաթեւի ճոպանուղու կառուցումն էր` կրկին զբոսաշրջության ոլորտի արդյունավետ զարգացման նպատակով:

Կլոր սեղանների անցկացման նպատակը 2012-ի աշխատանքային ծրագրի քննարկումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որից ակնկալվող արդյունքն այդ ծրագրի վերջնական ձեւակերպումն ու ամփոփումն են: Արդեն իսկ հայտարարվել է, որ կլոր սեղանների շարքը կունենա զբոսաշրջության ոլորտի մոտ 270 ընկերություններ` ի դեմս հյուրանոցների, տարբեր ավիաընկերությունների ներկայացուցչությունների, մասնագիտական ասոցիացիաների եւ տուրիստական գործակալությունների:

Նախատեսվում է, որ բոլոր այս ընկերությունների ներկայացուցիչները աշխատանքային խմբերում կքննարկեն հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը զբոսաշրջության ոլորտում, կստացվի, որ մասնավոր ընկերությունները նախապես իրենց մասնակցությունն ու ներդրումը կունենան 2012-ին պետության կողմից իրականացվելիք քայլերին ու միջոցառումներին` զբոսաշրջության խթանման նպատակով, որն, ըստ էության, ընդհանուր է տվյալ դեպքում ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ընկերությունների համար:

Բացի դրանիցՙ նմանօրինակ մասնակցությունը կլոր սեղաններին հնարավորություն է մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար, ըստ էության, ընդգրկվելու որոշումների ընդունման գործընթացում, հատկապես, երբ այդ որոշումները այսպես թե այնպես վերաբերում են հենց այն ոլորտին, որում գործում են քննարկումներին մասնակից ընկերությունները: Ասել է թե հենց զբոսաշրջության ոլորտի ընկերությունները կարող են ընտրել, որոշել, թե 2012-ին որ ցուցահանդեսներն են նախընտրելի մասնակցության համար կամ ինչ նախաձեռնությամբ կարելի է հանդես գալ: Ավելին, մասնավոր հատվածն էլ այդուհետեւ կարող է որոշակի վստահությամբ վերաբերվել կառավարության քայլերին, այսինքն` նախապատրաստվող ծրագրին արդեն իսկ ծանոթանալով ու այն փոփոխելու հնարավորություն ստանալով զբոսաշրջային գործակալությունները, հյուրանոցները կամ դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս չվերթեր իրականացնող ընկերությունների ներկայացուցչությունները պատրաստ կլինեն ծրագրի իրագործմանը:

Հայաստանում զբոսաշրջության առումով մոտեցումները թեեւ բավականին առաջընթացի տեղ ունեն, սակայն այս պարագայում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը օրինակելի է, ու եթե հիմք ընդունենք զբոսաշրջիկների թվի տարեկան աճն ու զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ի հայտ գալու հանգամանքը, ապա այս ոլորտում պետական ու մասնավոր հատվածների համագործակցությունը կարելի է արդյունավետ որակել, ինչը նախընտրելի է տեսնել նաեւ մյուս ոլորտներում ու ծրագրերում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4