Գյումրու զարգացման հիմնադրամը կազմակերպել է Գյումրի-Կարս եռօրյա տնտեսական ֆորում, որը երկու կողմերի միջեւ անցկացվող երկրորդ նման ձեռնարկն է: Առաջինը տեղի է ունեցել երեք տարի առաջ Կարսում: Երեկ Գյումրու «Արաքս» հյուրանոցային համալիրի սրահում մեկնարկած ֆորումին մասնակցում են երեք տասնյակի չափ հայկական եւ թուրքական ընկերությունների ներկայացուցիչ գործարարներ` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի, զբոսաշրջության, ռեստորանային գործի եւ այլ մասնագետներ Գյումրուց, Կարսից, Հայաստանի եւ Թուրքիայի այլ վայրերից:
Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ: Վերջինս իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» կազմակերպության եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի կողմից: Ֆորումը համաֆինանսավորել է նաեւ բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպությունը:
Գ. Մ.