«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՄԵՐ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ

Ականավոր հասարակական գործիչ, մանկավարժ, պատմաբան, դիվանագետ Վարդգես Համազասպյանի ծննդյան 100-ամյակը երեկ մեծ շուքով տոնվեց ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում: Միջոցառումը բացեց ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ ներկայացրեց 100-ամյակի առիթով հրատարակված «Հայրենիք-Սփյուռք կամրջող անուն Վ. Համազասպյան 100» գիրքը Եղիշե Համազասպյանի հովանավորությամբ: Ի դեպ, «Ազգը» արդեն ներկայացրել է գրքի առաջաբանը, որը գրել է Ռոմեն Կոզմոյանը: Վարդգես Համազասպյան գործչի, հայրենասերի, պատմագետի, առանց դիվանագետի կրթությանՙ դիվանագետի, ինքնատիպ ու կոլորիտով հարուստ, մեղմ սրտով, մարդկանց նկատմամբ մեծ հավատ ունեցող մարդու մասին հետաքրքրական հուշեր, դրվագներ պատմեցին նրա գործընկերները, նրան ճանաչողներն ու երբեւէ նրա հետ շփում ունեցողները: Խորհրդային շրջանում, հաշվի առնելով Վ. Համազասպյանի պատրաստվածությունը, բանիմացությունը, զարգացածությունն ու ներքին կուլտուրանՙ Հայաստանի ղեկավար մարմինները նրան են վստահում կուսակցական պաշտոններՙ Գրողների միության պատասխանատու քարտուղար, այնուհետեւ շուրջ 17 տարի Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետ. մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, իսկ 1964-1985 թվականներին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի կայացման եւ զարգացման գործը: Համազասպյանը այն քչերից էր, որոնք քաջատեղյակ էին ու ճիշտ պատկերացնում էին սփյուռքահայի, այլ երկրում ապրող հայ մարդու հոգեբանությունը: Նա յուրովի մոտեցում էր ցուցաբերում սփյուռքի ամեն մի կազմակերպության, ամեն մի անհատ գործչի նկատմամբ: Շատ բարդ իրավիճակում նա ստեղծեց մի կառույց ու հաջողությամբ լուծեց այդ ժամանակվա դժվարին խնդիրները:

Համազասպյան հայ մարդու, հայրենասերի, հրաշալի ընկերոջ մասին հաջորդում էին հիշողությունները Ռազմիկ Դավոյանի , Ռոմեն Կոզմոյանի , Ալինա Սարգսյանի , Լավրենտի Բարսեղյանի եւ Հակոբ Ավետիքյանի ելույթներում: Համազասպյանի ղեկավարած կոմիտեի 22 տարիները մեծ հետք են թողել մեր երկրի մշակութային ու քաղաքական կյանքում, որոնց վկաներն են այսօր արխիվում պահվող մի քանի 1000 փաստաթղթերը, որոնցից միայն 220-ը տեղ են գտել ժողովածուի մեջ եւ դրանց գերակշիռ մասը հրապարակվում է առաջին անգամ:

Նշեմ, որ գիրքը կազմել եւ նյութերը ծանոթագրել են Սոնյա Միրզոյանը եւ Մարինե Մարտիրոսյանը: Իսկ հրատարակչական խմբագիրն ու լրացումներն արել է Գեւորգ Յազըճյանը: Գիրքը լույս է տեսել որդուՙ Եղիշե Վարդգեսի Համազասպյանի նախաձեռնությամբ, հայրիկի ծննդյան 100-ամյակի առթիվ:

Պրն Եղիշե Համազասպյանը գրքի շնորհանդեսի ավարտին հատուկ շնորհակալություն հայտնեց գրքի կազմողներին ու արխիվային նյութեր տրամադրողներին եւ տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է մի նոր աշխատություն, քանզի արխիվային նյութերի միայն մեկ երրորդն է տեղ գտել ներկա գրքում: Արժեքավոր այս գիրքը շատ ուսումնասիրողների համար կարող է ուղեցույց լինել, իսկ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների համարՙ դասագիրք:

Ցավալի էր, որ Հայրենիք-Սփյուռք կամրջող անհատ Վարդգես Համազասպյանի հոբելյանին նվիրված միջոցառմանը սփյուռքի նախարարությունից չէին բարեհաճել ներկա գտնվել: Մինչդեռ առաջին հերթին հենց այդ նախարարության աշխատակիցները շատ բան ունեն սովորելու, գործելու այնպես, ինչպես գործել է Վ. Համազասպյանը, քանի որ փաստորեն հանդիսանում են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրացման ու զարգացման իրավահաջորդը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4