ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը երկար է ու բարդ: Հայերը միշտ էլ հույսը դրել են Ռուսաստանի վրաՙ որպես քրիստոնյա պետության, եւ գրեթե միշտ վայելել դրական արդյունքներ: Սակայն եղել են նաեւ ժամանակներ, երբ որոշ ռուս առաջնորդներ չեն տատանվել առավել ցինիկ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, հայտարարելով, որ իրենց անհրաժեշտ է Հայաստանն առանց հայերի:
Ռուսաստանի ներկայիս վարած քաղաքականությունը, չնայած բառերով արտահայտված չէ, չի տարբերվում դրանից: Հայաստանի հյուսիսային դաշնակիցը Երեւանում գրասենյակներ է բացել, որոնք աշխատանք, բնակարան եւ քաղաքացիություն խոստանալով գայթակղում են հուսահատ ընտանիքներին տեղափոխվելու Ռուսաստանի ծայրագույն արեւելյան շրջաններըՙ բնակություն հաստատելու եւ այդպիսով կանխելու չինացիների եւ մահմեդականների հոսքը, որը ահագնացող չափերի է հասնում: Իսկ Հայաստանը մինչ այդ դատարկվում է եւ թիրախ դառնում ռուսական «արջի հետագա ողջագուրմանը»:
Այդուհանդերձ, հայերը բնազդաբար միշտ էլ կողմնորոշվել են հօգուտ Ռուսաստանի: Նույնիսկ Արեւելահայաստանի նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանն է գրել 1828-ին իր «Վերք Հայաստանի» վեպում. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ»:
Բայց գրականությունը մի կողմ թողնելովՙ նշենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խառնաշփոթ իրավիճակում են:
Կինս սովորություն ունի փութաջանորեն վերագծելու Հայաստանի եւ Կովկասի մյուս շրջանների քարտեզըՙ տեղաշարժելով հարեւանների հետ մեր երկրի սահմանները: Մի անգամ, երբ ակադեմիկոս, պատմաբան Բաբկեն Հարությունյանն էր այցելության եկել, հարցրեց, թե ինչո՞ւ է նա այդ տարածքային փոփոխությունները կատարում: Կինս պատասխանեց. «Որպեսզի մենք Ռուսաստանի հետ դրկից դառնանք»: «Բայց, տիկին, ավելի լավ էՙ մենք Ռուսաստանին հեռվից սիրենք», պատասխանեց ակադեմիկոսը:
Այս խելացի քաղաքական ասույթը կարող է ուղեցույց լինել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները քննարկելիս:
Ռուսաստանի առաջնորդները չափազանց օբյեկտիվ, ռեալիստական եւ շահադիտական քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ, գուցե բացառությամբ Բորիս Ելցինի, որը դեռ մի փոքր սենտիմենտալիզմ էր խառնում քաղաքականությանը եւ իրոք գնահատում էր բարեկամությունը: Բայց Ելցինի ժամանակաշրջանը, Խորհրդային Միության անկումից հետո, հատկանշեց նաեւ Ռուսաստանի անկումը: Արեւմուտքը քաջալերում էր Ելցինին: Նախագահ Բիլ Քլինթոնն առաձնահատուկ անձնական հարաբերություններ էր մշակել Ռուսաստանի վաղամեռիկ նախագահի հետ, որը խորհրդանշում էր այդ երկրի պատմական հզոր իշխանության անկումը: Ելցինի իշխանության օրոք Ռուսաստանը վերականգնվելու նույնքան հնարավորություն ուներ, որքան Ելցինի վերակենդանացումը ալկոհոլիզմից:
Այդ ժամանակաշրջանն արդեն անցել է, եկել է քաղաքական ռեալիզմիՙ Պուտինի ժամանակաշրջանը: Մինչ Մ. Նահանգները, շռայլաբար երես տալով Վրաստանին, փորձում է նախկին խորհրդային հանրապետությունների հետ Արեւմուտքի բարեկամության վառ օրինակ ստեղծել, Ռուսաստանը պարտքի փոխարեն Հայաստանից անշարժ գույքեր է ձեռք բերում, եւ պետական այրերն էլ Հայաստանում հպարտանում են, որ մենք վստահելի պետություն ենք եւ մեր պարտքերը մարում ենք ժամանակին:
Մենք այս պատմական ակնարկը կատարեցինք, որպեսզի տեսնենք, թե դեկտեմբերի 4-ին կայացած ռուսական խորհրդարանական եւ առաջիկա մարտին սպասվող նախագահական ընտրություններն ինչ կարող են տալ Հայաստանին:
Ավանդաբար ռուս ժողովուրդը հարգում է բռնապետական իշխանությունը: Երկրի ուժն ու հզորությունը ռուս ժողովուրդը տեսնում է իշխողներիՙ առաջնորդների անձնավորության մեջ, նույնիսկ եթե այդ առաջնորդները ռուս չլինեն: Այդ պատճառով է, որ 70 տարի շարունակ կոմունիզմի քողի ներքո օտարականների մի կլիկ կարողացավ իշխել Ռուսաստանում:
Այսպես, Ստալինը վրացի էր: Բերիանՙ մեգրել (Արեւմտյան Վրաստան), Միկոյանըՙ հայ, իսկ Լազար Կագանովիչըՙ հրեա: Պուտինի ուժեղ բռունցքի իշխանությունը արտացոլումն է այդ քաղաքական ուղու: Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ լիբերալիզմը նահանջ ապրեց Ռուսաստանում, եւ առավել կարծրատիպային, բռնատիրական կուսակցություններ ավելի շատ տեղեր զբաղեցրին Դումայում: Հատկանշական է մասնավորապես կոմունիստների առաջխաղացումը: Նրանք «անցած լավ օրերի» կարոտախտի դրսեւորողներն են: Հարյուր տասը միլիոն քվեարկողներից 60 տոկոսն էր մասնակցել ընտրություններին, չորս տարի առաջվա 64 տոկոսի փոխարեն: Ընտրողների մեկ հինգերորդը ձայնը տվել էր կոմունիստներին, որոնք նախկին 57-ի փոխարեն այժմ 92 աթոռ են զբաղեցնելու խորհրդարանում: Ձախակողմյան «Արդար Ռուսաստան» («Սպրավեդլիվայա Ռոսիա») կուսակցությունը 38-ի փոխարեն այժմ կզբաղեցնի 64 տեղ, իսկ Ժիրինովսկու ազգայնական լիբերալ-դեմոկրատական կուսակցությունըՙ 40-ի փոխարեն 56 տեղ: Պուտինի «Միացյալ Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցությունը կորցրեց 77 տեղ եւ այժմ Դումայում կունենա ընդամենը 238 պատգամավոր, այսինքն ոչ իշխող մեծամասնություն 450-տեղանոց ստորին պալատում: Նախկինում այդ կուսակցությունը Դումայում բացահայտ (երկու երրորդի չափով) մեծամասնություն էր կազմում: Իր գործընկերներին մխիթարելու նպատակով Պուտինը հավաստիացրեց, որ 226 պատգամավորներն էլ բավական են, որպեսզի անցկացվեն օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը: Բայց եթե ավելի ձայների կարիքն զգացվի, անշուշտ այդ կուսակցությունը հույսը դնելու է կոմունիստների կամ այլ ձախակողմյան կուսակցությունների վրաՙ կազմելով հնարավոր կոալիցիա:
59-ամյա Պուտինը, եթե առողջությունը ների, կարողանալու է իշխել մինչեւ 2020-ական թվականները, վստահաբար ուժեղ բռունցքի առաջնորդ լինելով Կրեմլում: Բայց «նա դժվարին ընտրության առաջ է կանգնած», նշում է ռադիոմեկնաբաններից մեկը, «Քաղաքական դաշտում դիմանալու համար նա պետք է բարենորոգումներ իրականացնի եւ կարող է այդ բարենորոգումները կյանքի կոչել, եթե ձերբազատվի իշխող շրջանակներին վերապահված մի շարք արտոնություններից: Նույնությամբ թողնելու դեպքում նա կխարխլի իր դիրքերը»:
Բազմաթիվ քվեարկողներ, ձանձրացած արդեն լայնատարած կոռուպցիայից, «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը համարում են խաբեբաների ու դրամաշորթների կուսակցություն եւ իրենց վրդովմունքն են արտահայտում հարուստների եւ աղքատների միջեւ ստեղծված հսկայական ճեղքվածքի վերաբերյալ: Իսկ որոշ մեկնաբաններ հավատացած են, որ Պուտինի վերադարձը նախագահական պաշտոնում նշանակելու է բրեժնեւյան ժամանակաշրջանը հիշեցնող տնտեսական լճացում:
Հայաստանն էլ կարծես հասկացել է «ակնարկը», եւ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է ձերբազատվել անընդունակ օլիգարխներից առաջիկա ընտրությունների ժամանակ: Միայն ընտրություններն են բացահայտելու, թե ինչքան են նախագահն ու իր կուսակցությունը պարտական այդ օլիգարխներին: Մյուս կողմից խթան է նաեւ հարեւան Վրաստանի օրինակը, որը կարողացավ ազատվել կոռուպցիայից եւ ընթանալ տնտեսական առողջացման ճանապարհով: Այս օրերին քաղաքական նախկին դեմքերից մի քանիսը կարծես դարձյալ վերադառնում են փոխարինելու օլիգարխներին: Հեռուստատեսային էկրաններում նախագահության նախկին թեկնածուներիՙ Արտաշես Գեղամյանի եւ Վազգեն Մանուկյանի հայտնվելը պատահականություն չի կարող լինել: Ոչ էլ խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանի նորից ասպարեզ իջնելը:
Պուտինի վերընտրությունը վստահաբար ոչ մի բան չի փոխելու Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում: Դա չի ազդելու նաեւ Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Որոշ քաղաքական վերլուծաբաններ հավատացած էին, որ Պուտինի առանձնահատուկ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ կարող էին խթան լինել վերադարձի համար, սակայն մեկնաբանների վերջերս կայացած խմբային քննարկման ժամանակ եզրակացությունն այն էր, որ ռուսական կողմը ոչ մի նախընտրություն էլ կարող է չունենալ, քանի որ ով էլ ընտրվի Հայաստանում, հաշվի է նստելու Ռուսաստանի հետ:
Եթե Պուտինը նախագահ դառնա, ապա Հայաստանը հետեւելու է Կրեմլի քաղաքական ուղղություններին, եւ սառը պատերազմի վերակենդանացման հեռանկարում դժվար է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականությունում պահպանել կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: Բայց Երեւանն այլընտրանք չունի: Պարտավոր է կողմնորոշվել հօգուտ Պուտինի:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.