«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության ընդլայնված նիստը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Համբարձումյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Ս. Երիցյանը, Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կ. Ռաֆայելյանը, լեզվաբաններ:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ վերջին տարիներին գրական հայերենի կանոնարգման գործընթացը բարձիթողի վիճակում է: Նախորդ տասնամյակներում գործող տերմինաբանական կոմիտեն (այնուհետեւՙ Հայերենի բարձրագույն խորհուրդ) երկար ժամանակ է, ինչ չի գործում: Փաստորեն գրական հայերենի տերմինաշինության, տարբեր գիտաճյուղերի ոլորտում տերմինարանների ստեղծման եւ վավերացման ասպարեզում որեւէ աշխատանք չի կատարվում: Մամուլը, հեռուստատեսությունը, տարբեր լրատվամիջոցներով մատուցվող գովազդը հայերենի խաթարման ու աղավաղման բազմաթիվ նմուշներ են ներկայացնում: Հաշվի առնելով այդ անվերահսկելի իրողությունը, Հայաստանի գրողների միության նախագահությունը, մասնագետների հետ քննարկումներով, հրատապ է համարում Հայերենի բարձրագույն խորհրդի վերականգնումը, որպես գրական լեզվի բնագավառի միակ օրենսդիր: Այդ նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծել առանձին կառույց, որը կընդունի լեզվական օրենքները եւ կկանոնակարգի լեզվական դաշտում տիրող քաոսը: Հայերենի բարձրագույն խորհրդի ընդունած որոշումները կվավերացվեն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից եւ պարտադիր կլինեն գրական լեզվի գործածության բոլոր ասպարեզներում:

Նախագահությունը հավանություն տվեց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նախաձեռնությանըՙ եկող տարի գրողի ծննդյան 135-ամյակի առիթով թանգարանի մերձակա ծառուղին անվանել Դեմիրճյանի անունով եւ այնտեղ զետեղել նրա կիսանդրին: Այդ առիթով նիստը հաստատեց Երեւանի քաղաքապետին ուղղված նամակի տեքստը:

Այնուհետեւ նախագահությունը վերանայեց ՀԳՄ ընդունող հանձնաժողովի կազմը (ընդունելությունը նախատեսվում է 2012 թվականի փետրվարին), ինչպես նաեւ ՀԳՄ ամենամյա մրցանակների շնորհման կարգը:

ՀԵՂԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4