«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԱՌԱՋ ԿՔԱՇԻ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Գրեթե հարյուր տարվա ընդմիջումից հետո դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի Սեւր արվարձանում տեղի է ունեցել Արեւմտահայերի ազգային խորհրդի 3-րդ համագումարը` մասնակցությամբ 120 պատվիրակի:

Արեւմտահայերի առաջին երկու համագումարները կայացել էին 1917 եւ 1919 թթ., եւ այս համագումարի նպատակն էր հստակեցնել ծրագրերը, ձեւավորել ղեկավար կազմ: Համագումարի ընթացքում Արեւմտահայերի ազգային խորհրդի ղեկավար է ընտրվել Սուրեն Սեյրադանյանն Ավստրիայից: Առաջիկա ծրագրերից է Ֆրանսիայում, այնուհետեւ ՄԱԿ-ում որպես հասարակական կազմակերպություն գրանցվելը: Համագումարում հայտարարություն է ընդունվել, որ նախկին Օսմանյան կայսրության հայ ժառանգները հետամուտ են լինելու հայկական հարցին` արդարության հաստատմանը:

Համագումարում ընտրվել են տարածաշրջանի պատասխանատուներ, ովքեր մինչեւ հունվարի 21-ը իրենց առաջարկությունները կներկայացնեն նախագահությանը: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանի ներկայացմամբ` Արեւմտահայերի ազգային խորհուրդը նախատեսում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայի շուրջը համագործակցություն գիտահետազոտական կենտրոնների հետ: Նրանք կպահանջեն մշակութային օջախների եւ ճարտարապետական կոթողներին հասցված վնասների փոխհատուցում, նյութական, բարոյական եւ տարածքային փոխհատուցման պահանջով դատական հայցերով հանդես կգան: Միաժամանակ կանցկացնեն դրամահավաք խորհրդի գործունեությունն իրականացելու համար:

Թեպետ խորհուրդը վերջնականապես ձեւավորված չէ, սակայն Հայաստանում եւ Սփյուռքում առաջացրել է տարաձայնություններ: Հայաստանից ասել են, որ արեւմտահայերի հարցերով զբաղվելու համար գոյություն ունի պետություն, իսկ Սփյուռքում գործող քաղաքական ուժերն ու կազմակերպությունները գաղափարական տարաձայնություններ են գտել խորհրդի ծրագրերի հետ: Թեպետ խորհրդի գործունեությունը ողջունել են ավանդական երեք կուսակցությունները, սակայն Հայ հեղափոխական դաշնակցությունը հրաժարվել է մասնակցել համագումարին: Խորհրդի գաղափարախոսությունը մերժել են մի շարք գաղթօջախներ: Սակայն դա համագումարի կազմակերպիչներին այնքան էլ չի մտահոգել: Համագումարի մեկ այլ անդամՙ Արագած Ախոյանը վստահ է, որ կկարողանան միջազգային ասպարեզում ոչ միայն պատմական, այլեւ իրավական հենքի վրա բարձրացնել արեւմտահայերի խնդիրները:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4