Թուրքիան հետ կկանչի իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: «Today’s Zaman» թուրքական պարբերականի տեղեկացմամբՙ Ֆրանսիայում թուրքական դեսպանության ներկայացուցիչ Էնգին Սոլաքօղլուն, ոչ պաշտոնապես, բայց Անատոլու գործակալությանը հայտնել է, թե օրինագծի անցկացումը մեծագույն վնաս կհասցնի ֆրանս-թուրքական հարաբերություններին:
Այսպիսի հաղորդագրությունն ակնհայտորեն նախ ուղղված է Ֆրանսիային, թեեւ ասվել է ոչ պաշտոնապես, կամՙ ինչպես թուրքական պարբերականն է նշում` կիսապաշտոնապես: Այդուհանդերձ, հատկանշական է նաեւ, որ մինչեւ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Սենատում նշված օրինագծի քվեարկությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովը պատվիրակություն է ուղարկելու Փարիզ` «կանխելու բանաձեւի ընդունումը»:
Պատվիրակությունն, ըստ ամենայնի, Փարիզում կլինի դեկտեմբերի 18-ին` եռօրյա այցով, ներառելով այն կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որ որեւէ կերպ առնչվում են Ֆրանսիային:
Ասել է թե մինչեւ քվեարկության օրը թուրքական կողմն ամեն ջանք կգործադրի խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին, որ հեղինակել է ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բոյերը: Բանաձեւի նախագծով Հայոց ցեղասպանության հերքումը դառնում է քրեորեն դատապարտելի, եւ դրա համար նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում` 45.000 եվրո տուգանքով:
Ա. Հ.