«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԽԼԵԼ»

«Մենք երբեք հարկերից չենք խուսափել», երեկ «Նարեկացի» արվեստի միությունում կայացած ասուլիսում ասաց միության տնօրեն, «Ջի Էյջ ստորիջ էնթերփրայզս» ընկերության տնօրեն, բարեգործ Նարեկ Հարությունյանը :

«Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ հարկային պարտավորություններից խուսափելու եւ փողի լվացման կասկածանքով կալանավորվել էին Նարեկ Հարությունյանը, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու հաշվապահ Արթուր Գալստյանը:

Պետեկամուտների կոմիտեն «Ջի Էյջ ստորիջ էնթերփրայզս» ընկերությունում ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել 111 միլիոն դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ: Թեպետ Հարությունյանը չի ընդունում մեղադրանքներն ու պնդում է, որ իր խափանման միջոցը փոխվել է հասարակական ճնշմամբ, սակայն Պետեկամուտների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ընդառաջել են Հարությունյանի եւ նրա աշխատակիցների խնդրանքին իրենց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխելու եւ ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ` հնարավորություն ընձեռելով առավել արդյունավետ պայմաններում մարել առաջացած հարկային պարտավորությունները:

«Ինձ սպառնացել են, ասել` եթե չմուծեմ իրենց ներկայացրած հարկերը, էլի կկալանավորեն: Մենք չենք խուսափում, պարզապես ցանկանում ենք, որ ամեն ինչ արդար լինի: Պետք չէ անհիմն ակտ գրել: Հետապնդումների պատճառը շատ հասկանալի է, այս ամենն արվում է գումարի համար», ասաց Հարությունյանը:

Ընկերությունում խնդիրները սկսվեցին անցյալ տարվա օգոստոսին: Նարեկ Հարությունյանի մեկնաբանությամբ` նա պարզել է, որ ընկերության նախկին տնօրեն Սեւակ Արծրունին չարաշահել է իր պաշտոնը եւ Հարությունյան ընտանիքի վստահությունը: Ոստիկանությունից եւ 6-րդ վարչությունից սկսեցին առավել հաճախ անհանգստացնել Հարությունյանին, երբ նա ընկերության նախկին տնօրեն Սեւակ Արծրունուն զրկեց լիազորություններից: «Միլիոնավոր դոլարների յուրացումներ էր կատարել Արծրունին: Նարեկը հանգամանքների բերումով ստանձնեց ղեկավարի պարտականությունները եւ պարզեց, որ կան չարաշահումներ: Այդ պահից սկսած` նախկին ղեկավարի լիազորված անձին ներկայացրեց արդարացված պահանջ` վերադարձնել գողացածը: Նարեկը փորձում էր այդ ամենը պետական մարմինների համար բացահայտել: Սակայն արգելանք դրվեց Հարությունյանների ունեցվածքի, այնուհետեւ ընկերության հաշիվների վրա», ասաց փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը :

Նա հավատիացնում է, որ չկա որեւէ փաստաթուղթ, հիմք, որ Հարությունյանը խուսափել է հարկերից: Փաստաբանը համոզված է, որ Սեւակ Արծրունու թիկունքում հզոր մարդիկ են կանգնած եւ Նարեկ Հարությունյանին վերագրում են Արծրունու կատարած հարկային չարաշահումները: Հովհաննիսյանի փոխանցմամբ` իրենք ունեն ստացականներ, գրավոր ապացույցներ եւ հակընդդեմ հայց կներկայացնեն ու պայքար կծավալեն իրավական դաշտում, եթե Արծրունին չխոստովանի իր մեղքը:

«Մեր ընտանիքը, որ միլիոնների ներդրում է կատարել, հարկերից երբեք չի խուսափել: Եթե իրապես ապացուցվի, որ մեր ընտանիքը պետք է վճարի գումար, ապա մենք կվճարենք, սակայն այս ամենը կարգադրված է, որպեսզի հափշտակեն իմ անշարժ գույքն ու ունեցվածքը», ասաց Հարությունյանը` հավաստիացնելով, որ այս ամենն իրեն չի հիասթափեցրել, եւ ինքը հայրենիքը չի լքելու:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4