Երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծարման հանդիսությունը, որին ներկա էր նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիսության ընթացքում ամփոփվեցին «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի արդյունքները եւ դափնեկիրները ստացան իրենց հասանելիք պարգեւները:
Այս տարի առաջին անգամ լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում ընդգրկել էին նաեւ արտերկրի ակումբներում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Լավագույնի տիտղոսի համար պայքարն ընթացավ Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի միջեւ: Այդ պայքարում հաղթող ճանաչվեց Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը , որը պարգեւատրվեց 10 հազար դոլարով: «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գրավեց 2-րդ տեղը ու պարգեւատրվեց 7 հազար դոլարով: Լավագույն եռյակը եզրափակեց «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին , որին հանձնվեց 5 հազար դոլար:
Հենրիխ Մխիթարյանն իրեն լավ դրսեւորեց ինչպես ազգային հավաքականում, այնպես էլ «Շախտյորի» կազմում: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հենրիխը 6 գոլով հավաքականի լավագույն ռմբարկուն էրՙ մեծապես նպաստելով մեր ընտրանու հաջող մրցելույթներին: Մխիթարյանը 2-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Առաջին անգամ նա այդ պատվին արժանացել էր 2009-ին:
«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակը հանձնվեց ՀՀ հավաքականի եւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին :