ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ բանակցում է ռուսաստանյան ոչ կառավարական կազմակերպությունների օգնության նոր հիմնադրամ ստեղծելու նպատակով: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Ժողովրդավարությանն աջակցելու մեր ռազմավարության շրջանակներում վարչակազմը Կոնգրեսի հետ խորհրդակցում է նոր հիմնադրամի ստեղծման առնչությամբ, որը կօգներ Ռուսաստանում բազմակարծության բաց հասարակության ձեւավորմանը ձգտող ոչ կառավարական կազմակերպություններին», ասել է Գորդոնը Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի եվրոպական գործերի ենթակոմիտեի նիստում:
Գորդոնի խոսքերովՙ հիմնադրամը չի պահանջի հավելյալ ֆինանսավորում. բոլոր անհրաժեշտ միջոցները կարող է տրամադրել ամերիկա-ռուսական ներդրումային հիմնադրամը: ՌԻԱ գործակալությունը մեջբերում է նրա այն խոսքերը, որ խնդիրը կարող է լուծվել «մոտ ժամանակներս»:
Ըստ Գորդոնի, 2009-ից մինչեւ օրս ԱՄՆ-ը 160 մլն դոլար է հատկացրել Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության, կաշառակերության դեմ պայքարի, ԶԼՄ-ների անկախության եւ ժողովրդավարության ծրագրերին: Վերջերս ամերիկյան փողերն օգտագործվել են «Պետդումայի ընտրությունների անկախ դիտարկումների եւ անկախ ԶԼՄ-ների կրթական ծրագրերի վրա»:
Այս կապակցությամբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Երբ արտերկրից փողեր են ներդրվում երկրի ներքաղաքական գործունեության մեջ, դա մեզ պետք է խորհելու տեղիք տա: Հատկապես անթույլատրելի է օտարերկրյա փողերի ներարկումը ընտրական գործընթացների մեջ»:
Վարչապետի խոսքերովՙ ներկայումս Ռուսաստանում այդ աշխատանքի համար արտերկրից հարյուրմիլիոնավոր դոլարներ են ստացվում, ուստի «անհրաժեշտ է մշակել նման արտաքին միջամտությունից ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու արդյունավետ եղանակներ»: