«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՆԲ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՎ ՉԱՐԼԶ ԼՈՆՍԴԵՅԼԻՆ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փորձագետներին` պատվիրակության ղեկավար Ջորջիա Կուցիանայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանալու է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:

Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի իրականացվել են գործընթացի երկու կարեւոր փուլերը` տեխնիկական առաջադրանքի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքերի նախագծի մշակումը: 2012 թ. սկզբին նախատեսվում է արդեն մեկնարկել շինարարական աշխատանքների միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է իրականացնի երեք անցակետերի շինարարական եւ տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները` ԵՄ «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել եւ հստակեցվել են ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործընթացի այս փուլում փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում` ծրագրի իրականացման արդեն իսկ որոշված ժամանակացույցի համաձայն:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին , որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

Արթուր Բաղդասարյանը կարեւորել է դեսպանի ներդրումը հայ-բրիտանական, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում եւ մաղթել է նորանոր հաջողություններ ու կարիերայի հետագա առաջընթաց:

Պարոն Լոնսդեյլը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ջերմ եւ բարեկամական մթնոլորտում ծավալված արդյունավետ համագործակցության համար, նշել, որ Հայաստանում իր գործունեության չորս տարիները եղել են հետաքրքրական եւ նշանավորվել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4