Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ «Ազգ» օրաթերթի հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ հրաժարվել է ոչ միայն գյուղապետի պաշտոնից, այլեւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից: Աթայանն ասաց, որ այդ կերպ բողոքում է իր եւ իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ: Գյուղապետը պատմեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունից նրան բազմիցս սպառնացել ենՙ ստորագրել փաստաթուղթը, որով Քաջարան համայնքի 27 հա տարածք պետք է անցնի կոմբինատի տիրապետության տակ հանքարդյունաբերական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աթայանն ասաց, որ ինքն ու քաջարանցիները չեն պատրաստվում լքել իրենց գյուղն ու պայքարելու են կոմբինատի ղեկավարության եւ կառավարության դեմ` պահանջելով հարգել իրենց իրավունքներն ու իրենց տեղահան չանել:
Հիշեցնենք, որ կառավարությունը գարնանը որոշում էր կայացրել Քաջարան համայնքի 27 հա հողատարածքը ճանաչել հանրային գերակա բացառիկ շահ եւ տրամադրել կոմբինատին
Սահմանամերձ Քաջարան գյուղում այսօր ապրում է 131 ընտանիք` 250 բնակիչ: Թեպետ գյուղը շատ մոտ է հանքավայրին, սակայն նրա տարածքն, ի տարբերություն այլ գյուղերի, համարվում է մաքուր: Գյուղը բարձրադիր վայրում է տեղակայված, կոմբինատի հանքարդյունաբերական թափոնները չեն կեղտոտել գյուղի տարածքը: Սահմանամերձ գոտում բնակվող քաջարանցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են: Քաջարանցիները չեն ցանկանում, որ տարածքը, որն ընդգրկում է նաեւ գյուղի գերեզմանոցը, դառնա հաքարդյունաբերական կենտրոն: Մի քանի անգամ գյուղի բնակիչները կանգնեցրել են գյուղ մտած տեխնիկան եւ կասեցրել աշխատանքները: Նրանք պայքարում են, որ իրենց այգիները, արոտավայրերը, ոռոգման ջուրը հանքարդյունաբերական թափոններով չաղտոտվեն:
Քաջարանցիները դժգոհում են, որ իշխանությունն առանց իրենց կարծիքը հարցնելու իրենց բնակավայրի մի հատված տրամադրել է մասնավոր կազմակերպության: «Իշխանությունները գյուղի արհեստական տեղահանման ծրագիր են մշակել, բայց մենք թույլ չենք տա իրականացնել: Մենք ոչ մի տեղ էլ չենք ուզում գնալ, ուզում ենք ապրել մեր հողում ու մեր այգիները մշակել: Իշխանությունները ցանկանում են այդ կերպ քարտեզից ջնջել Քաջարան գյուղը, բայց մենք միասնական ենք եւ թույլ չենք տա մեր հողը զավթել», ասաց Ռաֆիկ Աթայանը:
Խնդրի առնչությամբ քաջարանցիները բազմաթիվ նամակներ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ