Տարբեր ապրանքներ ներմուծելուց զատ որոշ գործարարներ, պարզվում է, ցանկանում են ապրանքը մեծածախ գնով մատչելի դարձնել սովորական գնողին: Սակայն ներմուծում իրականացնելը մեկ բան է, խանութ, ավելի ճիշտ` փոքր սուպերմարկետ կառավարելը` մեկ այլ, հատկապես երբ ժամանակին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային կառավարմամբ դյուրացնել ողջ շրջանառության ղեկավարումը: Բայց քանի որ գաղափարը ողջունելի է, ավելին, զարգացում է նշանակում եւ կարող է նոր աշխատատեղեր ապահովել, այդ դեպքում աջակցությունն էլ կարելի է գտնել, մասնավորապես ի դեմս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործարար խորհրդատվական ծառայության (BAS):
Sunfood ընկերության հիմնադիր եւ տնօրեն Արսեն Խաչատրյանի ներկայացմամբ, Չարբախում օրերս բացված փոքր սուպերմարկետը հենց մեծածախ գներով է ապրանք վաճառելու: Իսկ այս գործում ՎԶԵԲ գործարար խորհրդատվական ծառայությունից ստացած աջակցությունն էլ նյութականացել է ավտոմատացված կառավարման համակարգի տեղադրման եւ ինտերնետային կայքի ստեղծման, այսինքն` կառավարման ու հաշվապահական ծրագրերի տեսքով, որոնք բավականին «թանկ հաճույք» են, քանի որ հնարավորություն են տալիս էլեկտրոնային ձեւով վերահսկելու խանութի ողջ շրջանառությունը, պահեստներն ու հաշվապահությունը:
Եվրոպական միությունը Արեւելյան գործընկերության երկրներում, կարեւորելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը, 5 մլն եվրո ֆինանսավորմամբ իր աջակցությունն է բերել ՎԶԵԲ գործարար խորհրդատվական ծառայությանը, վերջինս էլ հայաստանյան փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցում է զարգացման նպատակներում` բիզնես ծրագրից մինչեւ ինժեներական ուսումնասիրություններ:
Ծառայության ներկայացուցիչ Տիգրան Աղաբեկյանը պարզաբանում է, որ ՓՄՁ եւ խորհրդատվական կազմակերպությունների զարգացման նպատակ ունեցող BAS-ը ԵՄ-ի ֆինանսավորմամբ մոտ 70 ծրագիր է սկսել` 80 տոկոսը Երեւանից դուրս ձեռնարկությունների հետ, ընդ որում, ընդհանուր ծրագրերի մոտ 28 տոկոսն էլ իրականացվում է այն ձեռնարկությունների հետ, որտեղ աշխատակիցների մեծամասնությունը, կամ սեփականատերը, կամ տնօրենը կին է` երիտասարդների պարագայում էլ նման մոտեցմամբ:
Ծառայությունն իրականացնելով շուկայի զարգացման միջոցառումներ` տրամադրում է ձեռնարկությունների կառավարման միջազգային լավագույն տարրերն ու օրինակները, որոնցով ձեռնարկությունները կարող են դառնալ առավել մրցունակ եւ արտաքին ֆինանսավորման համար առավել գրավիչ:
BAS աջակցությունից չեն կարող օգտվել բանկերը, խաղատները, ռազմարդյունաբերական եւ ծխախոտի արդյունաբերության ձեռնարկությունները: Մնացյալի դեպքում 10-250 աշխատողի, ավելի քան երկու տարվա գործունեության, վստահելի եւ հեղինակություն ունեցող կառավարիչների, զարգացման աճի ներուժի, նաեւ որպես համաֆինանսավորող հանդես գալու հնարավորության առկայությունը հնարավոր է դարձնում ԵՄ ֆինանսավորումից օգտվելով եւ ներդնելով նոր իրողություններ` ապահովել նոր աշխատատեղեր եւ զարգացում:
Հատկանշական է, որ BAS-ի աջակցությամբ իրականացված նախագծերի ավարտից մեկ տարի անց անպայման ծառայության ներկայացուչիչները գնում են տվյալ ձեռնարկություն` փորձելով գնահատել, թե արդյունավետության եւ աշխատատեղերի ավելացման, շրջանառության աճի առումով ինչ փոփոխություններ են տեղի ունեցել:
Ըստ Աղաբեկյանի, որպես կանոն, նախագծերի իրագործումից հետո աշխատատեղերի մոտ 30 տոկոս, շրջանառության մոտ 60 տոկոս աճ է նկատվում: Հայաստանյան ձեռնարկություններում լայն տարածված ստվերայնության առումով էլ պարզաբանումն այն է, որ BAS-ի աջակցությունը նախ տրամադրվում է թափանցիկ աշխատող ձեռնարկություններին, բացի դրանիցՙ նաեւ նպաստում տարբեր համակարգերի, ասենք, ավտոմատացված համակարգերի ներդրմամբ առավել թափանցիկ լինելուն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ