Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ եւ Լոնդոնում գործող «Երեւան, իմ սեր» հաստատության նախագահ դոկտ. Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ «Քրիստի» աշխարհահռչակ աճուրդի կենտրոնում դեկտեմբերի 9-ին կայացել է հայ նկարիչների կտավների բարեգործական վաճառք հօգուտ Երեւանի կենտրոնում միայնակ մայրերի եւ անօգնական երեխաների համար կառուցվելիք ապաստարանի, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Իր խոսքում դոկտ. Ա. Սարգսյանը նշել է, որ «Քրիստիի» մոտ 250 տարվա պատմության մեջ առաջին անգամ է հայկական արվեստը տեղ գտնում եւ ներկայացվում միջազգային հանրությանը: «Քրիստիի» նախագահ դերկոմս Լինլին ողջունելով հյուրերինՙ կոչ է արել առատաձեռնորեն աջակցել բարեգործական այդ ծրագրին, որի նպատակն է պահպանել շարունակականությունը Հայաստանի մշակութային արժեքների:
«Երեւան, իմ սեր» ծրագրի շրջանակներում Երեւանի Սբ Հովհաննես եկեղեցու հարեւանությամբ երեք շենքեր են կառուցվում եւ վերանորոգվում:
Աճուրդի ընթացքում մեծ հետաքրքրություն են առաջացրել նկարիչներ Հակոբ Հակոբյանի, Նարեկ Ավետիսյանի, Արարատ Սարգսյանի եւ Համլետ Հովսեփյանի կտավներն ու քանդակները:
Հ. Ծ.