«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ԱԶԱՏ ՄԻՏՔՙ ՍԿՍԱԾ ՏԻԿՆԻԿԱՅԻՆԻՑ

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում պատրաստվում են ամանորյա ուրախ ներկայացումով դիմավորել փոքրիկներին: Նոր տարին այդպես կսկսվի այս հարկի տակ ու կշարունակվի նոր բեմական մտահղացումների իրագործմամբ: Իսկ ինչպիսի՞ն էր անցնող տարին տիկնիկայինի համար: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այն գնահատում է ոչ հաջող, ոչ էլ անհաջող: Միջազգային 7 փառատոների են մասնակցել: Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» բեմադրությունը ներկայացվել է ռուսական «Ոսկե դիմակին» եւ, արժանանալով մասնագետների ուշադրությանը, ստացել նոր հրավերներ: Զառա Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» Իզմիրի, Սոչիի, Հունգարիայի բեմեր է բարձրացել, իսկ Զառան բեմադրություններ է իրականացնում եվրոպական երկրներում եւ մասնագիտական կրթությունը շարունակում Մոսկվայում: Տիկնիկային ժանր պարունակող տարեկան 30-40 թատերական փառատոն է անցկացվում աշխարհում: Այս աշխուժությունը Ռուբեն Բաբայանն այսպես է հիմնավորում. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քարուքանդ ու պարտված Գերմանիայի կառավարությունն իր երկրի յուրաքանչյուր թատրոնում ստեղծեց տիկնիկային թատերախումբ, որովհետեւ հստակ գիտերՙ այս ժանրը ձեւավորում է նոր ու ազատ մտածելակերպ: Եվ տիկնիկային թատրոններն սկսեցին երկրով մեկ ակտիվ գործունեություն ծավալել: Ես էլ դիմում եմ մեր հասարակությանը. ձեր բալիկներին հաճախ բերեք տիկնիկային թատրոն, մեզ էլ է պետք ազատ մտածելակերպով սերունդ: Բացի այդ, թատրոնը երկխոսություն է, որպեսզի ներկայացումը կայանա, այն պետք է տեղ հասնի, բեմից պետք է զգացվի, որ դահլիճի հետ երկխոսությունը կայանում է»:

Այսօր ժամանակակից տեխնիկայի միջոցները ներթափանցել են նաեւ թատրոն: Միջազգային փառատոներում ներկայացվում են բեմադրություններ, որոնք ավելի շատ շոու են հիշեցնում, քան թատրոն: Տեխնիկայի վերջին ճիչը ստիպում է դերասանին անգամ առաստաղով քայլել, բեմում բացվում են հսկայական վիհեր, կամ հանդիսատեսը հայտնվում է ամպերի մեջ: Նման նորամուծությունները դեռ մուտք չեն գործել մեր թատրոններ: Ռուբեն Բաբայանն այս թեմայով նկատեց. «Լինի զարգացած, թե ոչ զարգացած երկիր, թատրոնը մարդու կյանքն է: Եթե մարդն իր կյանքը բեմում չի տեսնում, նրան ամենաբարդ էֆեկտներն անգամ չեն հետաքրքրի: Այդ տեխնիկական միջոցներն ուղղակի լրացնում, համեմում են բեմադրությունը, բայց հուզական տեսակետից ոչինչ չեն տալիս: Օրինակՙ Դիսնեյ Լենդի շոուները գեղեցիկ են, զարմացնում են բոլորին, բայց չեմ կարծում, թե մարդուն հասցնում են հոգեւոր կատարսիզի»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը գերհզոր տեխնիկական միջոցների փոխարեն գերադասում է ունենալ լավ կրթություն ստացած, մասնագիտական հմտություններ ու բարձր ճաշակ ունեցող երիտասարդ բեմադրիչներ: Նաեւ շատ է ուզում, որ թատրոնի մարդիկ հավուր պատշաճի վարձատրվեն: «Երբ թատրոն եմ մտնում, նայում եմ աշխատողներին ու սպասում, որ նրանք կբողոքեն աշխատավարձից, բայց միշտ լռում են: Դա ավելի վիրավորական է: Նշանակում էՙ նրանք անիմաստ են համարում աշխատավարձի բարձրացման մասին բոլոր խոսակցությունները. դրանից ես ինձ նվաստացած եմ զգում»,-ասում է Ռուբեն Բաբայանը:

Այնուամենայնիվ, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը 2012-ին հանդիսատեսին կներկայացնի նոր գործեր: Գեղարվեստական ղեկավարն ուրախությամբ նշեց, որ իրենք վերականգնել են «Թզուկի երգը» բեմադրությունը: Այն առաջին անգամ այս թատրոնի բեմ է բարձրացել 1980 թվականին: «Երիտասարդ մայրիկները մոտենում են մեզ ու ասում, որ իրենք մանուկ ժամանակ դիտել են «Թզուկի երգը», ու հիմա ուրախ են, որ իրենց բալիկներն են դիտում նույն ներկայացումը: Մենք պատրաստվում ենք վերականգնել նաեւ «Պոչատ աղվեսն» ու «Ծուղրուղուն», շուտով մեր փոքրիկները կդիտեն նաեւ մեկ այլ սիրված գործՙ «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը:

Ռուբեն Բաբայանը դեմ է թատրոնների աբոնեմենտային հաճախումներին: Նա վստահ է, որ դրանով վտանգավոր հոգեբանություն է ձեւավորվում նոր սերնդի շրջանում, թե արվեստը պետք է անվճար մատուցվի: «Արվեստի համար մարդ պետք է վճարի միշտ, ու այդ հոգեբանությունը պետք է ձեւավորվի մանկուց»,- եզրակացրեց Ռուբեն Բաբայանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4