Միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մինչեւ 2014-ը երկարաձգել է պայմանագիրը Բեռլինի Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ:
«Բեռլինում ինձ լավ եմ զգում, ամեն ինչ դուր է գալիս, շատ լավ հարաբերությունների մեջ եմ մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդի հետ, որին պարտական եմ: Կարծում եմ, որ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ սա իմ վերջին պայմանագիրն է, որի ավարտից հետո կմնամ սպորտում եւ գործունեություն կծավալեմ մարզական մենեջմենտում», նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ առաջիկա մենամարտը Արթուրն անցկացնելու է 2012-ի հունվարի 14-ին գերմանական Օֆենբուրգ քաղաքում: Նրա մրցակիցը կլինի արգենտինացի Պաբլո Ֆարիասը: Մենամարտը կանցկացվի երկրորդ միջինքաշային կարգում (76,2 կգ): Դրանից հետո Աբրահամն աստիճանաբար կնվազեցնի անձնական քաշը ու կսկսի ելույթները միջինքաշային կարգում: Աբրահամը հույս ունի, որ հաջորդ տարվա վերջին Բեռլինում աշխարհի չեմպիոնի կոչման համար կմենամարտի ու կհաղթի: