«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2011-12-15 | #228, 2011-12-16 | #229, 2011-12-17


ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցություններն իրենց մտահոգությունն են հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի եւ այնտեղ շարունակվող անհանգստությունների կապակցությամբ: Սիրիան մեզ բարեկամ երկիր է, որը Ցեղասպանությունից մազապուրծ մեծաքանակ հայության համար ապաստան դարձավ եւ փրկեց հազարավոր հայորդիների կյանքեր: Հայ ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է եղել այդ պետությանը եւ նրա ժողովրդին` ցուցաբերած այդ հյուրընկալության ու հոգատարության համար:

Սիրիահայությունը կարողացավ շատ արագ ինտեգրվել երկրի կյանքին եւ ոչ միայն դարձավ այդ երկրի լիիրավ քաղաքացին, այլեւ իր զգալի ավանդը ներդրեց Սիրիայի Արաբական Հանրապետության կայացման եւ զարգացման գործում:

Այսօր, երբ Արաբական աշխարհի այդ կարեւոր պետությունը գտնվում է ներքին եւ արտաքին ուժերի դաժան ճնշումների ներքո եւ վտանգված է տեղի հայության ապագան, մտահոգ է ողջ հայությունը:

ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցություններն այս վճռական պահին հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ` կոչ անելով դադարեցնել արտաքին ճնշումները Սիրիայի նկատմամբ եւ հնարավորություն ստեղծել այդ երկրին եւ նրա ղեկավարությանը իր ներքին հարցերը լուծելու խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը խաղաղության հասնելու միակ գրավականն է: Հուսով ենք, որ մեր հայրենի իշխանությունները կցուցաբերեն ամեն բարոյական աջակցություն Սիրիայի պետականության, ժողովրդին եւ հայ համայնքինՙ ստեղծված իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու գործում: Կարծում ենք, որ զարգացումների լիբիական տարբերակն այդ երկրում անհնար է եւ անընդունելի, ինչպես նաեւ այն սպառնալիք է տեղի հայության եւ նրա ապագայի համար: Խաղաղ բանակցություններն են միակ ճանապարհը առկա խնդիրները լուծելու, դեմոկրատական բարեփոխումները իրականացնելու եւ սիրիահայ համայնքի բարգավաճումն ու ծաղկումը այդ հյուրընկալ հողի վրա ապագայում եւս տեսնելու համար:

ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ
Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4