Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի ամենամոտիկ ընկերներից մեկըՙ Ավետիս Թեւանյանը հայտարարել է, որ Ջոբսը հավանաբար դեռ ողջ կլիներ, եթե համառությունը նրան չխանգարեր ժամանակին դիմելու բժիշկներին: Թեւանյանի խոսքերովՙ Ջոբսը երկար ժամանակ ինքն իրեն համոզում էր, թե կկարողանա քաղցկեղից բուժվել սեփական ուժերով:
BBC-ն նշում է, որ Թեւանյանը եղել է Ջոբսի գործընկերը եւ մոտիկ ընկերը: Մինչեւ 2006 թ. Apple-ում զբաղեցրել է ծրագրային տեխնոլոգիաների գծով տնօրենի պաշտոնը: Թեւանյանի խոսքերովՙ Apple-ի հիմնադիրը շատ կասկածամիտ էր եւ չէր վստահում ուրիշի կարծիքին, անչափ ինքնավստահ էր:
Եթե առկա էր սխալվելու թեկուզ աննշան հավանականություն, Ջոբսը նախընտրում էր ոչ թե ժամանակ վատնել ճշմարտության որոնման վրա, այլ իրեն եւ շրջապատին համոզել, որ ինքն արդարացի է: Դա նրան օգնում էր առաջ մղելու սեփական նորարարական գյուտերը:
Հաճախ նրան ասում էին, թե մտահղացումը անհնար է իրականացնել: «Գիտեմ, որ անհնար է, բայց դուք այնուամենայնիվ փորձեք», պատասխանում էր Ջոբսը:
Ավետիս Թեւանյանն ասում է, որ այդ համառության շնորհիվ իրականություն են դարձել մի շարք նորարարություններ: Բայց մեկ անգամ Սթիվ Ջոբսը սխալվեց եւ դրա համար կյանքով վճարեց:
Ութ տարի առաջ, երբ բժիշկները գյուտարարի օրգանիզմում հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, Ջոբսը հայտարարեց, որ ինքը վիրահատության չի ենթարկվի եւ կբուժվի ոչ ավանդական բժշկության մեթոդներով: Չնայած մերձավորների հորդորներին, նա պնդեց իրենը: Սակայն նրա ընտրած բուժումը բավականաչափ արդյունավետ չէր:
2004-ին Ջոբսը, այնուամենայնիվ, համաձայնեց վիրահատվել, բայց արդեն ուշ էր. հիվանդությունը դուրս էր եկել վերահսկողությունից: Դա եզակի դեպք էր, երբ Սթիվ Ջոբսը ընդունեց իր սխալը: «Հարկավոր էր ավելի վաղ վիրահատվել», հայտարարեց Apple-ի հիմնադիրը իր կենսագիր Ուոլթեր Այզեկսոնին տված հարցազրույցում: