«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ԲՐԱՅԶԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ

Ինչու է Washington Post-ի խմբագրական էջի խմբագիրն այդքան ջանացել աջակցել «բարձրակարգ» դիվանագետին

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի` այդ երկրում նույն կարգավիճակով մնալու հարցը կրկին կախվել է օդում, քանի որ ԱՄՆ Սենատը գրեթե մեկ տարի անց էլ չի հաստատել նրա թեկնածությունը, որ առաջ տարավ Բարաք Օբաման` օգտվելով Սենատի արձակուրդային իրավիճակից: Ամեն դեպքում, մոտ ժամանակներս Բրայզայի թեկնածության հարցը կրկին կբարձրացվի Սենատում: Իսկ թե ինչ իրավիճակ է իր թեկնածության շուրջը Սենատում` դրանից իբր անտեղյակ է ներկայանում նաեւ ինքը` Բրայզան, թեեւ հստակ է, որ թեկնածությունը չհաստատվելու դեպքում ինքն ուղղակի պարտադրված կլինի հավաքել իրերն ու վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Բաքվում մի քանի այլ մեկնաբանություններ հնչեցնելու ժամանակ Բրայզան նաեւ անդրադարձել է իր թեկնածության առնչությամբ Վաշինգտոնում տիրող իրավիճակի մասին Washington Post-ի խմբագիր Ֆրեդ Հայթի հրապարակմանը, որում վերջինս քննադատում է ԱՄՆ Սենատի որոշ` հայանպաստ դիրքորոշում ունեցող ներկայացուցիչների դիրքորոշումը Բրայզայի թեկնածության առնչությամբ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը բավարարվել է նշելով, թե ԱՄՆ-ում յուրաքանչյուր կառավարական կառույց ունի իր լիազորությունների շրջանակը:

Այդուհանդերձ, այդ նույն լիազորությունների տարբեր լինելու հարցում բացարձակապես կողմնակալ է մոտեցել ամերիկյան պարբերականի խմբագիրը, ըստ որի իբր որոշ ամերիկացի կոնգրեսականներ մոռացել են Նահանգների ազգային շահերը` դրա փոխարեն հետամուտ լինելով այլ շահերի: Ողջ խնդիրն էլ այդ կոնգրեսականների հայանպաստ մոտեցում դրսեւորելն է:

Վաշինգտոնյան պարբերականի խմբագրական էջի խմբագրին հաստատապես հարկ է հիշեցնել, որ մի այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, ամերիկյան ազգային շահերից ոչինչ չի պաշտպանվում ու ներկայացվում, բացի տնտեսականից ու մի քիչ էլ քաղաքականից: Ամերիկյան ներկայացվող մնացյալ բոլոր շահերը ստորադրյալ են տնտեսականից ու քաղաքականից` առնվազն տարածաշրջանում ռուսաստանյան ազդեցությունը հավասարակշռելու առումով:

Իսկ, որ ամերիկացի խմբագրի համար որպես սեփական շահ է ներկայացվում կոնգրեսականների հայանպաստ մոտեցումը, ուղղակի զավեշտալի է, քանի որ այդ կոնգրեսականները ներկայացնում են նույն Միացյալ Նահանգների քաղաքացիների` թեկուզ ծագումով հայերի, շահերը, ասել է թե Ֆրեդ Հայթն ուզում է, իր ընկալմամբ, ազգային շահ տեսնել սեփական քաղաքացիների դիրքորոշումը ներկայացնելը, այլ միայն կուրորեն հետեւել տնտեսական օգուտից բխող «շահերին»:

Իսկ որ Վաշինգտոնից հարավկովկասյան երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի մասին դատողություններ անող Հայթը ուղղակի անտեղյակ է նույն այդ տարածաշրջանից կամ, ինչպես ասում են, ազգային շահը շփոթել է փողի ու ազդեցության լծակներ ունենալու ցանկության հետ, ապացույցների կարիք չունի:

Ակնհայտորեն ադրբեջանական աղբյուրներից օգտված խմբագիրը գրեթե նույնությամբ կրկնել է այն անհեթեթ ու տգետ հայտարարությունները, որ Ադրբեջանում անում են սեփական ժողովրդին «թույլ եւ աղքատ Հայաստանի» պատկեր նկարելիս: Այլապես դժվար է լուրջ պարբերականի լուրջ խմբագրի գրչով ներկայացվածը լուրջ ընկալել. այն բոլոր ոլորտները, որոնցով ներկայացվում է Հայաստանը բավականին տխուր պատկերով, առավել անմխիթար են հարեւան Ադրբեջանում:

Թե ինչպես է Հայթն իր գլխում, հետո էլ թերթում տեղավորել դատողություններ ու համեմատություններ, թե ինչ աստիճանի է կոռումպացված Հայաստանը կամ զարգացման մակարդակով որ տեղում է գտնվում, ոչ թե ազգային շահերի, այլ կոնկրետ պատվիրատուի առկայության կասկածների տեղիք է տալիս, քանի որ իսկապես կոռուպցիայի լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի կողքին Ադրբեջանն ուղղակի կոռուպցիայի որջ է, մի երկիր, որտեղ կենտրոնասիական երկրների տրամաբանությամբ դեռեւս կիսաֆեոդալական իրականություն է տիրում:

Ակնհայտ է, որ պարբերականի հոդվածն ուղղված է նախ եւ առաջ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի դեմ, ի դեմս որի Հայթը նկատել է «դոգմատիզմով» «տաք, երբեմն էլ անարդյունավետ ջանքեր» գործադրող մի կառույց, մինչդեռ Հայթի հարվարդյան կրթությունը փաստացի բավարար չէ հակառակվելու այնպիսի մի իրողության, ինչպիսին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերն են ողջ աշխարհում:

Իսկ որ Ադրբեջանում մեկ շնչին ընկնող եկամուտն, ըստ նույն Հայթի, մի քանի անգամ գերազանցում է նույն ցուցանիշը Հայաստանի համար, թող չմտահոգի պարբերականի խմբագրին, քանի որ երկու երկրում էլ այդ ցուցանիշը որեւէ առնչություն չունի բնակչության հետ, այլ վկայում է զգալի միջոցների առկայության մասին, որ, սակայն, տեղավորվել է մի քանիսի գրպանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4