Թալիշ, լեզգի, ուդի, լաթ, ավար, ռութուլ, ցախուր... եւ այլք, այս բոլոր ժողովուրդները չնայած ապրում են իրենց հայրենիքում, սակայն նրանց ներկայացուցիչների անձնագրերում որեւէ խոսք չկա ազգային պատկանելության մասին, փոխարենը` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի: Թե որքանո՞վ է սա մարդու իրավունքների խախտում, ազգային խտրականության քաղաքականություն, ժողովուրդներին ձուլման ենթարկում, եւ թե որքանո՞վ «այս ամենի հեղինակ» Ադրբեջանի հանրապետությունը իրավունք ունի «Արցախ պահանջելու», այլ խոսակցություն է: Պարզապես հիշյալ ժողովուրդների ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ համատեղ հայտարարություն էին հեղինակել, որտեղ մասնավորապես փաստվում էր. «Ադրբեջանում բնիկ ազգերին զրկել են մայրենի լեզվով խոսելուց, երգելուց, իրենց պատմությունը ուսանելուց եւ թույլ չեն տալիս պահել ու զարգացնել սեփական մշակույթն ու արվեստը...»:
Երեկ Եվրոպայի հայերի համագումարը հանդես է եկել հիշյալ ժողովուրդներին ուղղված համերաշխություն-հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ընդգծվում է. «Դուք ձեր կերտած հայրենիքում այսօր միեւնույն հալածանքներին եք ենթարկվում, ինչ տասնամյակներ շարունակ ենթակա էր Արցախ-Ղարաբաղի ժողովուրդը: Ինչպես դուք, նույնպես եւ հայերը Բաքվի իշխանությունների սիստեմատիկ հալածանքների, մշակութային ոչնչացման եւ ձուլման քաղաքականությունը չեզոքացնելու համար ստիպված դիմել են ինքնապաշտպանության... Ձեր կոչը, ինչպես արդարորեն նշում եք, թող լինի Կովկասի ժողովուրդների խաղաղ կյանքի հայտը եւ դատապարտողը Բաքվի իշխանությունների ռազմատենչ ու պատերազմ հրահրող անպատասխանատու ամենօրյա կոչերին»:
Հայտարարության մեջ Եվրոպայի հայերի համագումարը նաեւ ընդգծում է, որ` «լինելով 1915-ին թուրքական յաթաղանից` Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի ժառանգորդների մի մասնիկը», ամբողջովին զգում եւ հասկանում է այդ ժողովուրդների կրած ամենօրյա հալածանքն ու տառապանքը. «Ուստի դատապարտելով Բաքվից ձեր ժողովուրդների նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, հայտնում ենք մեր համերաշխությունն ու պահանջում ենք միջազգային հանրությունից, եվրոպական համապատասխան կառույցներից, ճնշված ժողովուրդների պաշտպանության սկզբունքից ելնելով, համապատասխան քայլեր ձեռնարկել` ադրբեջանական իշխանությունների սանձարձակ ճնշումներն ու հալածանքները կանխարգելելու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եւ դրանց վերականգնման համար»:
Հ. Ա.