«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ԲԱՆԿԵ՞ՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ, ԹԵ՞ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ

Պատմություններ չմարած վարկերի պատճառով ծանր վիճակում հայտնված մարդկանց մասին

Բաց հասարակության հիմնադրամը եւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն երեկ քննարկում էին կազմակերպելՙ նվիրված Հայաստանում գյուղատնտեսական ժամկետանց վարկերի շուրջը ստեղծված խնդիրներին: Ինչպես հայտնեցին միջոցառման կազմակերպիչները, իրենց պատմությունները չմարած վարկերի պատճառով ծանր վիճակներում հայտնված մարդանց մասին լուրջ մեղադրանքներ են բանկերին, որոնցից ոչ մեկը դրանց չի արձագանքել: Այդուհանդերձ, քիչ անց Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, որ բանկերին ուղղված մեղադրանք չկա, այլ խոսքը ստեղծված խնդրի լուծման ուղիներին է վերաբերում:

Ըստ «Հետաքննող լրագրողների»ՙ 2 տարվա ընթացքում իրենց լրագրողները եղել են 70 գյուղերում եւ 240 հոդվածներ գրել այս թեմայով: Կազմակերպության ներկայացրած տվյալների համաձայնՙ 2010-ին վարկերի մարման հետ կապված 12109 կատարողական վարույթ է հարուցվել ԴԱՀԿ-ի կողմից: Եղել են դեպքեր, երբ մարդիկ, վարկ վերցնելով մի բանկիցՙ չեն կարողացել մարել, մյուսից են վերցրելՙ նախորդ վարկը մարելու համար եւ այդպես շարունակՙ ավելի բարդացնելով իրենց դրությունը: Կամ վարկ են վերցրել մի տոկոսադրույքով, հետո վճարել այլ տոկոսադրույքով: Մեկ այլ դեպքում կինը հղիացել է, որպեսզի ծնված երեխայի գումարով վարկը մարի: Գյուղացիներն, ըստ հետաքննող լրագրողների, տուժում են նաեւ փոխարժեքի տատանումների պատճառով արտարժույթով տրված վարկերից: Բանկերին ներկայացված հանդիմանությունն այն էր, որ ոչ մի դեպքում բանկերը զիջման չեն գնացել:

Գյուղատնտեսության հիմնական վարկավորող բանկի «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ բանկի» փոխտնօրեն Հակոբ Անդրեասյանն անդրադարձավ բարձրացված հարցերին: Նա նշեց, որ իրենց բանկը ստեղծման պահին 1996-ին 36 տոկոսով վարկ է տրամադրել, երբ շուկայական տոկոսադրույքը 120 տոկոս էր: Այդ ժամանակ գյուղացիները ցանքի համար այդ գումարների կարքին ունեին, եւ բանկը տրամադրել է դրանք: «Վա՞տ է, որ տրամադրել ենք», հարց ուղղեց նա, ասելով, որ հետագայում տոկոսներն իջել են եւ հիմա շատ ավել ցածր են: Նա ընդգծեց, որ շուկայական տոկոսներից ցածր որեւէ ծրագիր սովորաբար չի շարունակվում եւ որեւէ մեկը պետք է փոխհատուցի բանկին արտոնյալ վարկի պակասող գումարը, ինչպես դա արվեց այս տարի պետության կողմից: Հակոբ Անդրեասյանը նաեւ հայտնեց, որ վարկերի 80 տոկոսը գյուղացիներին տրամադրվում է առանց գրավիՙ երաշխավորագրերով եւ կատարողական վարույթում գտնվող գործերի մեծ մասն էլ փոքր գումարներ են: Փաստելով, որ գյուղատնտեսությունը շատ ռիսկային ոլորտ է, նա միաժամանակ նշեց, որ մեր գյուղացիները պատրաստ չեն բերքի ապահովագրման համար վճարել: Բանկի ներկայացուցչի հավաստմամբՙ արտարժույթով տրված վարկերի դեպքում էլ փոխարժեքի տատանումների ժամանակ տուժում են ոչ միայն գյուղացիները, այլ բոլորը:

Գյուղացիական տնտեսություններին միավորող կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ ստեղծված վիճակի կապակցությամբ կոչ են անում միտինգ անել, միաժամանակ նշելով, որ գյուղացիներից ոչ ոք չի ցանկանում դրան միանալ:

Լրագրողների հարցերին պատասխանելովՙ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այն կարծիքը հայտնեց, որ վարկ վերցնելուց առաջ սուբյեկտը պետք է մտածիՙ կարո՞ղ է մարել, թե՞ ոչ: Մյուս կողմից էլՙ վերցված վարկը պետք է նպատակային օգտագործվի, մինչդեռ հաճախ գյուղատնտեսական վարկերը վերցնելիս, դրանք ծախսել են կենցաղային կարիքների համար: Համենայն դեպս, փոխնախարարը այս առնչությամբ ստեղծված իրավիճակից դուրս գալու տեսանելի տարբերակներ չի տեսնում:

Վերադառնալով երեկ կազմակերպված քննարկման թեմային, հարկ է նշել, որ ներկայացված խնդիրն ավելի շուտ նկարագրական բնույթ ուներ: Մինչդեռ երեւույթի իրական պատճառները գտնվում են տնտեսական քաղաքականության, տնտեսության տրամաբանության եւ մարդկանց մտածելակերպի առանձնահատկությունների մեջ: Մասնավորապես, հարկ է նկատի ունենալ, բանկերը առեւտրային կառույցներ են, եւ նրանց նպատակը շահույթ ստանալն է: Երբ բանկերն իրենց գումարն են ցանկանում հետ ստանալ, դրա համար անիմաստ է նրանց մեղադրել, բացառությամբ, երբ խաբեություն է տեղի ունենում: Ճիշտ չէ նաեւ իրավացի համարել այն մարդկանց, ովքեր վարկ են վերցնում եւ չեն ցանկանում կամ կարողանում այն վերադարձնել: Նրանց կարելի է կարեկցել, օգնել հնարավորության դեպքում, բայց նրանք երբեք իրավացի չեն: Ամեն մարդ պետք է իր որոշումների պատասխանատվությունն ինքը կրի, այլ ոչ թե բարդի ուրիշի վրա եւ ճիշտ համարվի: Կոնկրետՙ գյուղացիների եւ գյուղատնտեսության դեպքում պետությունը պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերի: Գյուղվարկերի տոկոսների մի մասին սուբսիդավորումն այս տարի նման մոտեցման դրսեւորումներից էր, ցանկալի է, որ այն շարունակվի եւ ունենա նաեւ այլ դրսեւորումներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4