«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 2,4 ՏՈԿՈՍ ԱՃ

Սակայն հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 7,3 տոկոս անկում

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի նոյեմբեր ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նոյեմբերի համեմատ գրանցել է 2,4 տոկոս աճ: Սակայն նախորդ ամսվաՙ հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 7,3 տոկոս անկում: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Արդյունաբերությունը շարունակում է տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը լինել: Նոյեմբերին աճն այստեղ կազմել է 18,8 տոկոս, իսկ նախորդ ամսվա հոկտեմբերի համեմատՙ 4,1 տոկոս: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել է 6,3 տոկոսով, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ նվազելՙ մոտ 63 տոկոսով, ինչը, բնականաբար, սեզոնային գործոնի հետեւանք է: Շինարարությունը նոյեմբերին արձանագրել է 13,2 տոկոս անկում, բայց այս տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 28,8 տոկոսով:

Մանրածախ առեւտրում արձանագրվել է 3,4 տոկոս աճ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբՙ 2,1 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը կազմել է 4,4 տոկոս, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ անկումըՙ 6,8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 61,8 տոկոսով, իսկ հոկտեմբերի նկատմամբՙ 41,8 տոկոսով: Այստեղ նույնպես առկա է սեզոնային գործոնը:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի նոյեմբերին 2010-ի նոյեմբերի նկատմամբ ավելացել է 10,2 տոկոսով եւ կազմել 504,5 մլն դոլար, իսկ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբՙ 0,1 տոկոսով: Արտահանումը կազմել է 124,1 մլն դոլար, արձանագրելով 22,3 տոկոս աճ, իսկ նոյեմբերին հոկտեմբերին նկատմամբՙ 9,9 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 380,4 մլն դոլար, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճելով 6,7 տոկոսով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատՙ նվազել 12,8 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը նոյեմբերին, հոկտեմբերին բարելավվել է, կազմելով 256,3 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նոյեմբերին կազմել է 114 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 141 հազար դրամ, պետականումՙ 92 հազար դրամ:

Այսպիսով, վերջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ թեեւ տնտեսական ակտիվությունն աճել է, բայց նույն տարվա նախորդող ամիսների համեմատՙ նվազել: Դրականն արդյունաբերության շարունակվող աճն է: Դեկտեմբերին, բնականաբար, հոկտեմբերի եւ նոյեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունն ավելի բարձր կլինիՙ պայմանավորված նախատոնական աշխուժությամբ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4