«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ԱՂԲԻ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԽՈՍՔԻՑ ԳՈՐԾ Է ԴԱՐՁԵԼ

Առայժմ` Գյումրիում եւ Վանաձորում

Կենցաղային աղբի կառավարումը կարեւոր հարց է ժամանակակից աշխարհում, եւ հատկապես` բնապահպանական առումով: Եթե այս մասին խոսակցությունները մեզանում նոր չեն, ապա այդ մշակույթի արմատավորման ուղղությամբ առաջին քայլերը նոր-նոր են արվում: Բայց կարեւոր է, որ արվում են: 2009 թվականից գործող «Քլինլենդ» («Մաքուր երկիր») ընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել եւ արդեն ձեռնամուխ է եղել աղբի տեսակավորմանն ու օգտահանված նյութերի վերամշակմանը հանրապետության առայժմ երկու` Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ կառուցվել են տեսակավորման գործարաններ:

Ինչպես լրագրողներին ներկայացվեց Գյումրիում երեկ կազմակերպված մամուլի ասուլիսում, այժմ Հայաստանում գոյություն ունեցող աղբավայրերը չեն համապատասխանում բնապահպանական նորմերին: Կենցաղային աղբի մեջ գոյություն ունեցող նյութերը ոչ միայն ժամանակին չեն լուծվում, այլ նաեւ տարբեր բնակլիմայական ազդեցությունների ներքո արտադրում են թունավոր նյութեր, որոնք անցնում են մթնոլորտի եւ ստորգետնյա ջրերի մեջ` վտանգելով հարակից բնակավայրերի բնակիչների առողջությունը: «Քլինլենդ» ընկերության ձեռնարկը նպաստելու է բնակավայրերի աղբավայրեր ուղղվող աղբի ծավալների կտրուկ նվազմանն ու դրա որակական ցուցանիշների փոփոխմանը, համապատասխան բնապահպանական եւ առողջապահական խնդիրների լուծման բարելավմանը, կենցաղային աղբահանության որակի բարելավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վանաձորի տեսակավորման գործարանում աշխատանք է գտել 35, Գյումրիում` մոտ 45 մարդ: Բացի այդ, նշված երկու համայնքներից յուրաքանչյուրին ամսեկան վճարվելու է 3 մլն դրամ, որը Գյումրիում փոխադարձ համաձայնությամբ առաջին տարվա համար սահմանվել է 300 հազար դրամ: Ընկերության վերամշակման գործարանն էլ, որտեղ տեսակավորման գործարաններից օգտահանված նյութերը վերամշակվում եւ դառնում են տարբեր արտադրանքի երկրորդային հումք, կառուցվել եւ նոյեմբերից գործում է Երեւանում:

Քաղաքային բնակավայրերի աղբահանության արդյունավետ կազմակերպման, էկոհամակարգի եւ մարդկանց առողջության բարելավման նպատակով «Քլինլենդ» ընկերությանը Հրազդանի, Դիլիջանի եւ Սեւանի համայնքային ավագանիների որոշումներով եւս տրամադրվել է աղբի տեսակավորման բացառիկ իրավունք 25 տարի ժամկետով, դրանցում էլ այդ գործը կծավալվի, իսկ պլաններում նաեւ Հայաստանի հարավն է: Մնում է հաջողություն մաղթել մեզանում կենցաղային նոր մշակույթի սկիզբ դնող այս նախաձեռնությանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4