Անահիտ Լուսյան: Այսպես է այն կորեացի որբի անունը, ում պատերազմը բերեց Խորհրդային Հայաստան, ապա նրան որդեգրեց հայկական ընտանիք, ու նրա ճակատագիրը հավերժական թելերով կապվեց հայ անվան հետ: «Ես 42 տարեկան էի, երբ իմացա, որ իմ ծնողները ինձ որդեգրել են: Նրանք երդվել էին իմ կյանքի գաղտնիքը իրենց հետ գերեզման տանել, իսկ ես երբեք չեմ էլ զգացել», պատմում է տիկին Անահիտը:
Երբ սկսվեց կորեական պատերազմը, հազարավոր որբուկների դուրս բերեցին այդ երկրից, եւ նրանք սփռվեցին աշխարհով մեկ: Տիկին Անահիտին ճանապարհը բերեց Հայաստան: «Այստեղ բերել են 400 երեխա: Չգիտեմ` մեզ փողոցից են գտել, թե ինչ... Երբ ես իմացա իմ կյանքի ողջ եղելությունը, գնացի այն մանկատուն, ուր տեղափոխել էին մեզ: Այնտեղ գտա մի կնոջ, ով այդ տարիներին դայակ է աշխատել: Նա պատմեց, որ հենց մեզ մտցրեցին մանկատուն, վերեւից անմիջապես հրաման եկավ` մեր կորեական անունները փոխելու եւ դրանք հայկական դարձնելու: Ես դարձա Ղամբարյան Սիրանույշ»:
Փոքրիկին ճակատագիրը արդեն հասցրել էր ծանրագույն հարված` կտրելով իր արմատներից եւ ծննդավայրից, եւ ավելի չխոցելու համար, թույլ տվեց ընտանիք ունենալ: «Իմ փաստաթղթերից ոչինչ չի պահպանվել: Նույնիսկ չգիտեմ նախկին` կորեական անունս: Երբ գնացի պետական արխիվ, այնտեղ գտա հորս` իմ որդեգրման համար ներկայացրած դիմումը: Դա 1950 թվականն էր: Իսկ Նորքի մանկատանը, ուր պահվում էին մեզանից մնացած փաստաթղթերի ինչ-որ կտորներ, իմ ծննդյան թիվը գրված էր այսպես` 1948 թ. ?, հոկտեմբերի 1(15)»:
Որդեգրումից հետո կորեացի աղջնակին հայ ընտանիքը տալիս է Անահիտ անունը: Երկրաբանի ընտանիքը հյուրընկալ եւ ջերմ օջախ է դառնում նրա համար: Շրջապատում բոլորը գիտեին, որ հասարակ հայկական ընտանիքում մեծանում է Կորեայից Հայաստան բերված որբուկ, սակայն ոչ ոք արտառոց վերաբերմունքով աչքի չի ընկնում: «Հետագայում ընկերներս ինձ պատմեցին, որ երբ բակում խաղում էինք, ես երբեմն անհասկանալի բառերով նրանց էի դիմում, հավանաբար իմ բառապաշարում դեռեւս պահպանվել էր կորեական լեզուն», պատմում է տիկին Անահիտը:
Այսպես, մշտապես կապվելով հայկականի հետ, Անահիտ Լուսյանը ավարտում է դպրոցը, այնուհետեւ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Ապագա ամուսինը նույնպես տեղյակ է լինում, որ իր կինը հայուհի չէ:
Տիկին Անահիտը, ծնողների մահից հետո իմանալով իր կյանքի պատմությունը, սկսում է հետաքրքրվել իր արմատներով: Նա դիմել է ռուսական «Սպասիր ինձ» հաղորդմանը իրեն օգնելու համար: «Նրանք ինձ պատասխանեցին, որ ես անձամբ պետք է Մոսկվա գնամ, իսկ դա այսօր ինձ համար այնքան էլ հասանելի չէ... Ինձ համար Հայաստանը իմ հայրենիքն է, բայց շատ կուզեի ծննդավայրս էլ տեսնեի, ծնողներիս գերեզման այցելեի, գուցե հարազատներ գտնեի...»:
Իսկ այն հարցին, թե ինչպես է այսօր ապրում Հայաստանի որդեգրյալը, Անահիտ Լուսյանը պատասխանեց. «Վատ: Ստանում եմ 21 հազար դրամ կենսաթոշակ: Դրանով դե արի ու ապրի: Ես երկու երեխա ունեմ, ովքեր ինձ օգնում են: Եթե նրանք չլինեին, իմ վիճակը շատ բարդ կլիներ: Ինձ խորհուրդ են տալիս դիմել պետությանը` օժանդակության խնդրանքով, սակայն քանի որ իմ իսկական փաստաթղթերը չկան, ես ոչինչ չեմ կարողանում ձեռնարկել»:
Սակայն տիկին Անահիտը սիրում է իր երկիրը, իրեն արդեն նրա մի մասնիկն է համարում. «Մշտական բնակության երբեք ոչ մի տեղ չեմ գնա: Ես ինձ հայ եմ համարում, քանի որ այդ տարիքից այստեղ եմ ապրել, կրթություն ստացել, ընտանիք կազմել: Ինձ այստեղի օդն ու ջուրը հայ են դարձրել»:
«Կորեայի որբ»... հավանաբար շատերս լսած կլինենք այդ արտահայտությունը: «Ես երբեք չեմ նեղվել որբ բառից: Երբ իմացա, որ ես որդեգրված եմ, շատ մեծ ակնածանքով լցվեցի հայ ծնողներիս հանդեպ, քանի որ եթե նրանք չլինեին, չգիտեմ իմ կյանքը ինչպես կստացվեր... Երեւի սա էլ իմ ճակատագիրն է...»:
ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ