«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ՏԱՐԻՆ ԲԵՂՈՒՆ ԷՐ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

Ինչպիսի՞ն էին 2011թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար արդյունքները - երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

«2011 թվականը թատրոնի համար եղավ բուռն ստեղծագործական տարի, քանի որ բեմադրությունը մի քանի տարի տեւած «Սայաթ-Նովա» օպերան այս տարի հանձնեցինք հանդիսատեսի դատին: Օպերայի բեմադրման ժամանակ բարդություններ առաջացան: Մի քանի ռեժիսորներ փոխվեցին, ո՛չ թատրոնի, ո՛չ էլ կոլոկտիվի կամքով: Մեր շատ սիրելի Ռոբերտ Ստրոուան խոսք էր տվել, որ ինքը կբեմադրի «Սայաթ-Նովա» օպերան, սակայն մեկ տարի անց հրաժարվեց եւ բեմադրության հետ խնդիրներ առաջացան: (Նշենք, որ «Ազգ»-ը անդրադարձել է «Սայաթ-Նովա» օպերային-Մ.Հ.): Թատրոնի հաջողությունների շարքին է դասվում նաեւ Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի (Այս բալետին եւս «Ազգ»-ը անդրադարձել է )»:

Ընդգծենք, որ 2011թ. կայացան 3 նոր պրեմիերաներ` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որը նվիրված էր կոմպոզիտորի 90-ամյակին, Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» եւ «Շոպենիանա» բալետը:

2011թ-ին, համաձայն Երեւանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագրի, թատրոնը ցուցադրել է մի քանի օպերային եւ բալետային ներկայացումներ դպրոցականների համար:

Թատրոնը սերտ համագործակցում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի եւ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի արդյունքում բեմադրվել են մի քանի ներկայացումներ:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թատրոնը պլանավորել է բարեգործական համերգների եւ ներկայացումների շարք, որի շրջանակում Ա. Բաբաջանյանի անվան փոքր համերգասրահում կայացավ փողային կամերային երաժշտության համերգ, որին մասնակցել էին թատրոնի նվագախմբի մենակատարները եւ Եվրոպայից հրավիրված երաժիշտներ: Ծրագրում հնչեցին Մոցարտի, Ֆրեսկոբալդիի, Զելենկայի եւ Գերբաուերի ստեղծագործությունները: Հոկտեմբերին ցուցադրվեց «Վերդիանա»-ն, իսկ դեկտեմբերին` համերգ թատրոնի մեներգիչների մասնակցությամբ: Այսօր` դեկտեմբերի 21-ին կկայանա բալետի երեկո:

Թվարկված միջոցառումների հասույթը ամբողջությամբ տրամադրվելու է փողային նոր նվագարանների ձեռքբերման ֆոնդին:

Հավելենք, որ շուտով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կվերազինվի նոր տեխնիկայով, որի համար պետբյուջեից կտրամադրվի 8 միլիոն դոլար: Ինչպես նշեց Կամո Հովհաննիսյանը , «Թատրոնն այսօր օգտագործում է 60-ական թվականների տեխնիկա, որը վտանգավոր է»: Տեխնիկայի տեղադրման գործընթացը կտեւի 3 ամիս:

Ներկայումս թատրոնի ստեղծագործական խումբը աշխատում է Ջ. Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության վրա, որի համերգային կատարումը նախատեսվում է դեկտեմբերի 28-ին:

Ստեղծագործական կոլեկտիվի 2012թ. ծրագրերում են Ջ. Բիզեի «Կարմեն», Ի. Պուչչինիի «Բոհեմ» օպերաները, Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ Ա. Ասանի «Ժիզել» բալետները:

««Ժիզել» բալետը մենք ունենք, բայց քանի որ 30 տարի առաջ է բեմադրվել եւ դեկորներն ու հագուստներն անմխիթար վիճակում են գտնվում, որով էլ անհարմար է այդ ներկայացումը խաղալ, որոշեցինք վերականգնել դրանք ու մի քանի փոփոխություններ կատարեցինք ներկայացման մեջ: Ռուդոլֆ Խառատյանն էլ խոսք է տվել, որ գալիք տարի այն կներկայացնի հանդիսատեսի դատին», ասաց Կամո Հովհաննիսյանը եւ անդրադառնալով Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետին նշեց. «Մենք որոշեցին 2012թ. վերջապես ունենալ այդ բալետը, որպեսզի մյուս տարի դեկտեմբերին հանձնենք երեխաների դատին»:

Ամփոփելով նշենք, որ 2011թ. հունվար ամսից մինչեւ դեկտեմբերի վերջը ցուցադրվել է 56 ներկայացում, իսկ հանդիսատեսի թիվը կազմել է 23949 մարդ:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4