«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՂ «ԱԿՈՐԴԸ»

Հայաստանի եւ Իրանի նախագահները նշել են «միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվումՙ Հայաստանի եւ Իրանի իրավունքը»

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը անբավարար է գնահատել Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության 300 մլն ԱՄՆ դոլարը` «երկու բարեկամ, հարեւան, կողք կողքի ապրող ժողովուրդների եւ պետությունների համար շատ փոքր ծավալ է», թեեւ Հայաստանի անկախության հոբելյանի հետ համընկնող` հայ-իրանական նորագույն շրջանի բարեկամության 20-ամյակի ֆոնին հայ-իրանական քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ տնտեսական հենք:

Երեկ մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը նախագահ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ, կա ներուժ, «Հատկապես մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջը համաձայնության եկանք եւ եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել»:

  Ահմադինեժադն , իր հերթին, շեշտելով, որ հայ-իրանական հարաբերություններն օրեցօր ընդլայնվում են, հավաստիացրել է, որ Հայաստանի եւ Իրանի համար չկա հարաբերությունները զարգացնելուն խոչընդոտող ոչ մի հանգամանք, չկան նաեւ սահմանափակումներ, իսկ տարածաշրջանային հարցերի առնչությամբ քննարկումներում էլ, ըստ Իրանի նախագահի, երկու հարեւաններն ունեն «մոտ եւ նման» տեսակետներ:

Հայաստանի եւ Իրանի նախագահների ընդունած համատեղ հայտարարության համաձայն, նրանք գոհունակություն են հայտնել էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ, ողջունել էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբըՙ այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությամբ:

Նախագահները կարեւորել են Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաեւ երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի եւ Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն է տրվել առաջիկա 6 ամիսներին գործադրել բոլոր ջանքերըՙ նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը», ասվում է համատեղ հայտարարության մեջ, մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան իրադարձությունների առնչությամբ էլ ընդգծելով «տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ խաղաղության, ինչպես նաեւ ազգային համերաշխության ներքո ժողովուրդների օրինական իրավունքների հաստատման անհրաժեշտությունը»:

Հայաստանի եւ Իրանի նախագահները կարեւորել են նաեւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` նշելով «միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվումՙ Հայաստանի եւ Իրանի իրավունքը», ինչպես նաեւ «բանակցությունների միջոցով եւ դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարեւորությունը»:

Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` աշխատանքի եւ սոցիալական հարցերի, բնապահպանության, ստանդարտների բնագավառներում, ինչպես նաեւ հուշագիր «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման թույլտվության պայմանագրի» վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4