Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանությունների (այդ թվում` Հայոց ցեղասպանության) ժխտումը քրեականացնող օրենքը, ինչը մեր խորին համոզմամբ, խիստ կարեւոր ու համամարդկային քայլ է: Այսօր, երբ աշխարհի հանրությունը գտնվում է սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում, երբ Եվրոմիության անդամ երկրների զգալի մասն ուժերի մեծ լարումով փորձում է դիմակայել ճգնաժամային այդ մարտահրավերներին, Ֆրանսիայի հիրավի ասպետական կեցվածքը շատ ուսանելի եւ, հավատացած ենք, մոտ ապագայում վարակիչ օրինակ կարող է դառնալ բոլոր մարդասիրական արժեքներին դավանող ժողովուրդների ու տերությունների համար:
ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները ողջունում են ֆրանսիական ժողովրդի բարի ու հումանիստական կամքի այս դրսեւորումը, համարում այն Հայոց ցեղասպանության պրակտիկ եւ իրավագործնական (իրավակիրառելի) առումով ընդունման կարեւորագույն քայլ, որն անպայման կունենա իր շարունակությունը: Կոչ ենք անում համայն մարդկությանը եւ, առաջին հերթին` թուրք ժողովրդին, ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ ուղիղ նայելով սեփական պատմությանը, իրական լուծում տալ խնդրին եւ ձերբազատվել շուրջ 100-ամյա ամոթ-խարանի բեռից:
Համոզված ենք, որ մեր կոչ-հորդորին կմիանան շատերը:
ՀՌԱԿ ատենապետ ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ
Արմենական-ՌԱԿ վարչության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ