Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց անցած տարվա աշխատանքները եւ դրանք ձեւակերպեց այսպես. «2011 թվականը ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների եւ հին խնդիրների տարի էր»: Ըստ նախարարի, տարին բուռն էր նաեւ հանրակրթական, նախակրթական, բուհական ոլորտների համար: Տարին առանձնացավ նաեւ դպրոցների տնօրենների հավաստագրերի առումով, որը մեզանում առաջին անգամ իրականացվեց: Նախարարը չխուսափեց նշել, որ 2011 թվականին եղել են նաեւ բացթողումներ, եւ «ամբողջությամբ չհաջողվեց լուծել կրթության որակի բարձրացման խնդիրը, վերջնականապես լուծված չեն կոռուպցիոն խնդիրները, կրթության մատչելիության եւ ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական, կենցաղային պայմանների բարելավումը եւ այլն»:
***
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ ամփոփեց 2011 թվականին կատարված աշխատանքները եւ անդրադարձավ բոլոր այն խնդիրներին, որոնք ծառացել էին նախարարության առջեւ եւ որոնց լուծման համար մեծ ջանքեր էին պահանջվել, որպեսզի գյուղատնտեսության զարգացումը անցած ամիսների ընթացքում հասցվի 14 տոկոսի: Նախարարը գոհ էր աշխատանքներից, սակայն նշեց, որ դեռ շատ անելիքներ կան ու աշխատանքներ են տարվում:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ