«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


«ԵԹԵ ՍԱՐԿՈԶԻՆ ՉԳԻՏԻ ԱԼԺԻՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԹՈՂ ՀԱՐՑՆԻ ԻՐ ՀՈՐԸ»

Երեկ հայտարարեց վարչապետ Էրդողանըՙ անդրադառնալով օրինագծի ընդունման փաստին

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց, ժխտումը քրեականացնող օրինագիծը: Որքան էլ Թուրքիան շարունակի հակազդել օրինագծին, դրա ընդունումն ամենեւին էլ անակնկալ չէր: Սակայն ընդունման առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը միանգամայն անակնկալի բերեց Անկարային: Անակնկալն արտահայտվեց երեկ առավոտյան թուրքական հանրայինի լրատվական ծրագրում, հաղորդավարի զարմանքով, թե ի՞նչ է ուզում ասել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Խոսքը Մարկ Թոների մասին է: Երեկ նա ճեպազրույցի ընթացքում օրինագծի ընդունման եւ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության մասին լրագրողի հարցին ի պատասխան, ասել է. «Մենք այդ հարցում մեր տեսակետներն արդեն արտահայտել էինք, եւ մեր տեսակետները չեն փոխվել: Շարունակում ենք զորակցել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացմանը: Մեր ցանկությունը Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ լավ հարաբերություններն են: Հուսով ենք, որ նրանք կհաղթահարեն առկա տարաձայնությունները»:

Պետքարտուղարության խոսնակի խոսքերն իրականում ավելի քան հասկանալի են: Նա ասել է, որ իրենք հետամուտ են 1915-ի իրադարձությունների մասին իրենց տեսակետին, այսինքնՙ դրանք ցեղասպանություն են, Թուրքիան առերեսվելով սեփական պատմության հետ, պետք է ձգտի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ համակերպվի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստի հետ, որպեսզի ի վիճակի լինի հարթել Ֆրանսիայի հետ տարաձայնությունները:

Մինչդեռ Ֆրանսիայի Ազգային ժողովում օրինագծի քվեարկության նախորդ օրըՙ դեկտեմբերի 21-ին պատժամիջոցներով Փարիզին էր սպառնացել վարչապետ Էրդողանը: Նա քվեարկությունից անմիջապես հետո հրապարակեց դրանք, իսկ հաջորդ օրը սկսեց դասեր տալ նախագահ Նիկոլա Սարկոզիին, այնուհետեւ Էրդողանին միացավ արտգործնախարար Դավութօղլուն:

Քվեարկությունից առաջ Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի սխալը կուղղի Սենատը, շարունակելով. «Դրանով Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունները կընթանան նույն հունով, հակառակ դեպքումՙ թող չմոռանան, որ Ֆրանսիայում 500 հազար հայի կողքին բնակվում են նաեւ 550 հազար թուրքեր»: Ապա նա դիվանագիտական անփառունակ սխալ էր համարել նախագահ Գյուլի հեռախոսազրույցն անպատասխան թողնելու Նիկոլա Սարկոզիի արարքը:

Քվեարկության ավարտին Թուրքիայի վարչապետը Ֆրանսիայի դեմ նախատեսվող պատժամիջոցները հրապարակելուց զատ, օրինագծի ընդունումը վերագրել էր Սարկոզիի նախընտրական հաշվարկներին եւ ասել, որ դրանց հիմքում այլատյացության եւ ռասիզմի քաղաքականությունն է: Նա հիշեցրել է նաեւ Թուրքիայում ապաստանած հազարավոր հայաստանցիների մասին, ապա եւ ընդգծել. «Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ: Մեր պատմությունն անհանգստանալու տեղիք չի տալիս: Մենք առերեսվում ենք պատմության հետ: Մեր արխիվները բաց են: Եթե ուրիշներն էլ արխիվ ունեն, թող բացեն, որ պատմաբանները ուսումնասիրեն»:

Երեկ նույն Էրդողանը նշեց. «Ներկայումս Ֆրանսիայում բնակվում է մոտ 5 միլիոն մահմեդական: Թուրքերի եւ մահմեդականների նկատմամբ թշնամանքը Սարկոզին դարձրել է ընտրություններում հաղթանակի հասնելու միջոց: Սկսած 1945-ից Ալժիրում բնակչության 15 տոկոսը կոտորվել է ֆրանսիացիների ձեռքով: Դա ցեղասպանություն էր: Եթե Ֆրանսիայի նախագահ մեծարգո Սարկոզին տեղյակ չէ այդ ցեղասպանության մասին, թող հարցնի իր հորը: Նրա հայրը 1940-ականներին Ալժիրում ֆրանսիական բանակի զինվոր էր: Ավելինՙ Իսպանիայից փախած հրեաները ապաստանել էին օսմանյան տիրապետության տակ գտնվող Սալոնիկում: Երբ Սալոնիկը դուրս եկավ օսմանյան տիրապետությունից, Բենեդիկտ Մալան 1904-ին գաղթեց Ֆրանսիա: Այս անձնավորությունը մեծարգո Սարկոզիի պապն է: Մեծարգո Սարկոզին ցեղասպանություն չի կարող գտնել Թուրքիայի պատմության մեջ: Սակայն իր ընտանիքի օրինակով կարող է այնտեղ տեսնել Թուրքիայի հոգատարությունն ու թուրքերի հանդուրժողականությունը»:

Նույն օրը Անկարայում Թուրքիայի դեսպանների խորհրդակցությանը վարչապետ Էրդողանին լրացրեց արտգործնախարար Դավութօղլուն: Նա, համեմատելով Սարկոզիի իշխանություններին արաբական աշխարհում տապալված բռնատիրական վարչակարգերի հետ, ասաց. «Եվրոպան վերադարձել է միջնադարՙ ինկվիզիցիայի ժամանակաշրջան, ինչպես Քադդաֆին ժողովրդին կարծիք էր պարտադրում, այնպես էլ Ֆրանսիան եվրոպացիներին իր կարծիքը պարտադրեց»: Նա նույնպես օրինագծի ընդունումը վերստին պայմանավորեց հայերի միջոցով նախընտրական խնդիրներ լուծելու նախագահ Սարկոզիի հաշվարկների հետ:

65 միլիոնանոց Ֆրանսիայում 500 հազար հայի միջոցով նախընտրական խնդիրներ լուծելն առնվազն անհեթեթություն է: Այդ մասին չեն կարող չիմանալ Էրդողանը, Դավութօղլուն եւ Թուրքիայի մյուս ղեկավարները: Հետեւաբար նրանք պայմանավորելով օրինագիծը նախագահ Սարկոզիի նախընտրական հաշվարկների հետ, պարզապես ասելիք չեն գտնում, այդ իսկ պատճառով էլ խաբում են ժողովրդի անգիտակից խավին:

Ինչ վերաբերում է գիտակիցներին, ապա նրանք պետք է իմանան, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ճշգրիտ կոչվում է Ցեղասպանության հանցանքի պատժման եւ կանխարգելման կոնվենցիա: Կանխարգելելու նախապայմանը ճանաչումն է, որքան էլ ժխտման պատժելիությունը հանցանքի պատժման միջոց չլինի, այնուամենայնիվ, գոնե ժխտողականության տարածումն է կանխում:

Այդ դեպքում ինչո՞վ պայմանավորել օրինագծին երկրի ղեկավարների ցուցաբերած հակազդեցությանը թուրք հասարակության հավանությունը: Ըստ երեւույթին, այն համերաշխությամբ, որը Հայոց ցեղասպանության հարցում ի սկզբանե դսեւորվել է Թուրքիայումՙ իշխանությունների ու հասարակության միջեւ, քանի որ թուրքական ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են հայերի բնաջնջմանը:

Այլ կերպ, Հայոց ցեղասպանության պարագայում հանցագործի հոգեբանությունն ընդհանուր է ինչպես թուրքական իշխանություններին, այնպես էլ թուրք ժողովրդին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4