«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2011-ին ակտիվ է գնահատվել Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի «Հայաստանի քաղաքականությունը 2011-ից հետո» զեկույցում, ընդ որում` ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի զգալի դերակատարության եւ եվրոպական ուղղությամբ էլ նոր որակներ հաղորդելու կտրվածքով: Այդուհանդերձ, ըստ մասնագետների, Հայաստանը թերանում է ուժային որոշ բեւեռների` Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ճապոնիայի հետ հարաբերություններ կառուցելու հարցում:

Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի պարագայում ոչ հայանպաստ հայտարարությունների դեպքում բավականին ակտիվորեն եւ արագ արձագանքող այս կենտրոնի զեկույցի համաձայնՙ Հայաստանի տնտեսական մրցունակության ապահովման համար անհրաժեշտ է համախմբել սփյուռքահայության ներուժը` պետական-մասնավոր գործընկերության սկզբունքով, իսկ ընդհանրական զարգացման համար կարեւոր է արդյունավետ դարձնել սոցիալական ծառայությունների մատուցումը` պետություն-քաղաքացի հաղորդակցության նոր միջոցների ներդրմամբ:

Հետազոտությունների եւ, որպես եզրակացություն, ներկայացված զեկույցի նպատակը խորհրդատվությունն է քաղաքականություն իրագործողներին` քաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի քաղաքականության առավել կարեւոր կողմերի առնչությամբ, որոնց շարքում, ի թիվս վերը նշվածների, ներգրավված է նաեւ արտաքին քաղաքական հնարավոր սպառնալիքների կանխարգելման եւ կայուն արտաքին քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով հակաահաբեկչական քաղաքականություն զարգացնելու անհրաժեշտությունը:

Զեկույցում դրական ամրագրումներ եւս արվել են, մասնավորապես, որ Հայաստանը 2011-ին ապահովել է «մրցունակ երկրի ու վստահելի գործընկերոջ միջազգային հեղինակություն»: «Ներքին քաղաքականությունը նշանավորվեց տնտեսական կայունացման եւ արդյունավետ կառավարման ապահովմամբ... մրցունակ տնտեսության ապահովման համար ստեղծվեցին կարեւոր նախադրյալներ. պետական կառավարման ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի կայացումը, օլիգոպոլիաների դեմ նոր որակի քաղաքականությունն ու բիզնեսի համար անհրաժեշտ գործիքակազմի կիրարկումը, տարածքային համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումները եւ, մասնավորապես, գյուղատնտեսության խթանումը», նշվում է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի զեկույցում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4