Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին ձյան մաքրման աշխատանքների կապակցությամբ: Նա միաժամանակ հանձնարարել է սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաեւ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել եւ պատրաստ լինել` առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետեւանքներն արագ վերացնելու համար:
Ընդգծելով օպերատիվ շտաբի կողմից գիշերվա ընթացքում իրականացրած աշխատանքը, որին քաղաքապետն անձամբ է հետեւել, նշվել է, որ մասնակի թերացումներ են նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Վիճակը արագ շտկվել է, սակայն սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից:
Հարկ է նշել, որ իսկապես անսովոր էր Երեւանի փողոցները, ձյան տեղացած եւ հաջորդ օրերին, տեսնել մաքրված: Նման բան երեւանցիները չեն կարող հիշել, թե երբ է եղել նախկինում: Սովորաբար, դեկտեմբերին եւ հունվարին Երեւանի քաղաքապետարանի եւ նախկին թաղապետարանների համար ձյունն «անսպասելի» էր լինում, ինչի համար վերոնշյալ մարմիններն արժանանում էին մեր բոլորի արդարացի քննադատությանը: Ձյունն արագ մաքրելով քաղաքապետարանն իր պարտականությունն է կատարել իհարկե, բայց պետք է նաեւ արձանագրել, որ այս անգամ վատ չի կատարել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ