«Ազգը» պարբերաբար անդրադարձել է սփյուռքի նախարարին առընթեր ատյանի բոլոր նիստերին: Տարեվերջյան նիստին ատյանի անդամների հավանությանը արժանացան նախարարության վարչությունների, ենթակառույցների հաշվետվությունները: Նախարար Հրանուշ Հակոբյանը նիստը սկսեց մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 83 եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հիմնադրման 50-ամյակները շնորհավորելով: Հաշվետվություններից հետո նախարարը տվեց որոշակի հանձնարարականներ, որոնք վերաբերվում էին առաջիկա ծրագրերինՙ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
«Ազգը» խնդրեց Հրանուշ Հակոբյանին ամփոփել ատյանի աշխատանքները եւ նշել կարեւորագույն ծրագրերը: «Իմ կարծիքով, ատյանը աշխատել է խիստ արդյունավետ, ունեցել է հստակ ծրագիր, հստակ օրակարգ, բոլոր հարցերը նախապես առաքվել են ատյանի անդամներին ե'ւ այստեղ, ե'ւ արտերկիր: Նախարարության առջեւ ծառացած ամենագլխավոր գաղափարական, քաղաքական, հայեցակարգային բոլոր հարցերը քննարկվել են մեր ատյանի անդամների հետ միասին ու դարձել ծրագրեր: Եվ այսօր էլ ամփոփելով տարվա կատարած աշխատանքները, տեսնում ենք, որ հաջողություններն ու ձեռքբերումները զգալի են, սփյուռքից գնահատականները բավականին դրական են: Սակայն դա մեզ չի գոհացնում, չի հանգստացնում, որովհետեւ Սփյուռքը անծայր է, բազմաշերտ է, բազմակարիք է եւ մենք պարտավոր ենք մեր ամեն մի անգամ փոքր համայնքի հոգսերը մեր ուշադրության կենտրոնում պահել եւ դրանք լուծել: 2012-ին պետք է աշխատենք հնարավորինս ավելացնել Սփյուռքի հետ համագործակցությունը, գլխավոր հիմնախնդիրները փորձել լուծել, որովհետեւ եթե կա կոնկրետ լուծում, ուրեմն ավելանում է վստահությունը: Եթե կա վստահություն, ուրեմն կա նաեւ գործակցելու լայն հնարավորություններ»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ