«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


ՏԱՐՎԱ Top 10

«Ազգ» օրաթերթը ներկայացնում է անցնող տարվա ընթացքում առավելապես աչքի ընկած այն անձանց, ովքեր առավել հաճախ են հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում, եւ նրանց անունը, անձն ու գործողությունները քննարկվել են լրատվամիջոցներում: Top 10-ում ընդգրկված չեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանը, որոնք, ի պաշտոնե եւ ըստ դիրքի, բնականաբար մշտապես հայտնվել եւ հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում եւ առավել հաճախ մեջբերվում մամուլում:

Top10. Սուրեն Խաչատրյան
VS Սիլվա Համբարձումյան
VS բնապահպաններ

Եթե գործարար Սիլվա Համբարձումյանի անունը ծանոթ էր միայն որոշակի շրջանակների, ապա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից ստացած «մի ճլոթիի» միջոցով այժմ Համբարձումյանին բոլորն են ճանաչում: Նախ գործարարը մեղադրեց մարզպետին, որ գողացել է 102 միլիոն արժողությամբ սարքավորումներ, այնուհետեւ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ Սիլվա Համբարձումյանը լացելով պատմում էր, թե ինչպես է «Մարիոթ» հյուրանոցում Խաչատրյանն իրեն ապտակում: Վերջին 2 ամսում մամուլում եւ սոցցանցերում առավել հաճախ մեջբերվածը Սյունիքի մարզպետի անունն ու մականունն էին: Թեպետ հարուցված քրեական գործը կարճվեց, որովհետեւ «մի մուշտին» դեռեւս ծեծել չէ, «Լիսկան» էլ զղջաց, որ կնոջ վրա ձեռք էր բարձրացրել, սակայն դա չփրկեց իրավիճակը: Սկանդալների մեծ սիրահար Սյունիքի մարզպետն արժանացավ կանանց իրավունքների համար պայքարող հասարակական կազմակերպությունների քննադատությանը: Նրանք պահանջում են, որ կնոջ վրա ձեռք բարձրացրած մարզպետը հրաժարականի դիմում ներկայացնի:

Top 9. Սեյրան Օհանյան

Ինքնասպանություններ, սպանություններ, վրաերթեր, դիպուկահարների կրակոցներ, զորահանդես: Տարվա ընթացքում բանակում տեղի ունեցող իրադարձությունները բազմաթիվ են, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հասարակության եւ մամուլի ուշադրության կենտրոնում: Բանակում յուրաքանչյուր զոհից հետո Օհանյանը հայտնվում էր քննադատություններ սուր թիրախի տակ: Յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց էին հավաքվում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն ու բանակում բարեփոխումներ ցանկացողները, բողոքի ակցիաներ ու երթեր կազմակերպում, պահանջելով նախարարից պատժել իրենց որդիներին սպանողներին: Գրեթե միշտ անհասանելի նախարարը տարեվերջին փոխեց մարտավարությունն ու լրագրողների հետ զրույցներում, ելույթներում անդրադարձավ բանակի խնդիրներին: Ավելինՙ վերջին ամիսներին, նախարարը կառավարության նիստերի ավարտից հետո մոտենում էր սեւազգեստ մայրերին եւ խոստանում, որ մեղավորները կպատժվեն:

Top 8. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու շաբաթ մամուլի, հասարակության, քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների հատուկ ուշադրության կենտրոնում էր: Հովհաննիսյանը արդարության, ազատության, իշխանափոխության եւ մի շարք խնդիրների լուծման պահանջով նախաձեռնել էր հացադուլ «Ազատության» հրապարակում, նա դա անվանում էր «Ծոմ ազատության»: Երկու շաբաթվա ընթացքում Րաֆֆին կազմակերպեց հանդիպումներ, ասուլիսներ, ելույթներ: Նրան այցելեցին հասարակական գործիչներ, մտավորականներ, պատգամավորներ: Թեպետ նրան նշված խնդիրների լուծումը ոչ թե 15 օրվա, այլ, կարելի է ասել, 15 տարվա ընթացքում էլ դժվար է լուծել, սակայն 15-օրյա հացադուլից հետո Րաֆֆին հայտարարեց, որ հաջողությամբ եւ հաղթանակով է ավարտում պայքարի այս փուլը: Թե խոսքը ո՞ր հաղթանակի մասին էր, այդպես էլ չմանրամասնվեց: Թեպետ Հովհաննիսյանի առաջադրած որեւէ պահանջ լուծում չստացավ, սակայն Րաֆֆին երկու շաբաթ գտնվեց մամուլի եւ սոցցանցերի թիրախում:

Top 7. Շառլ Ազնավուր

Այս տարի աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հատկապես աչքի ընկավ իր հարցազրույցներով եւ Հայաստանի իշխանությունների հանդեպ սուր քննադատությամբ: Մասնավորապես «Nouvelles d'ArmՌnie» ամսագրի լրագրողի «Ո՞րն է Հայաստանից արտագաղթի գլխավոր պատճառը» հարցին շանսոնյեն պատասխանել էր: «Այնտեղ մարդկանց օգնելու համար ոչինչ չի արվում: Ընդյակառակը, մաֆիայի անդամների մասին սարսափելի պատմություններ գիտեմ: Կարողանում են այնպես անել, որ գյուղացին սոված մնա` իր իսկ հողի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել: Այդպես այլեւս չի կարող շարունակվել: Ցանկանում եք անդամակցել մաֆիայի՞ն: Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք: Սակայն դա ձեր երկրում մի արեք, ձեր ժողովրդի դեմ մի արեք»: Ազնավուրի արտահայտած այս խոսքը ամենամեկնաբանվածներից էր անցնող տարում: Վերջերս նա Մոսկվայում կրկին քննադատեց Հայաստանին` ասելով, որ այստեղ ներքին ցեղասպանություն է, հնարավորություն չտալով երկրին շնչել` Հայաստանի կառավարությունն իր երկիրը զրկում է երիտասարդությունից: Թեպետ հետագայում Ազավուրն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ սխալ թարգմանություն է եղել եւ ինքն այդպիսի բան չի ասել, սակայն Ազնավուրի խոսքերը մեծ աղմուկ բարձրացրին, ավելին, սփյուռքահայ բազմաթիվ գործիչներ ու մտավորականներ հայտարարեցին, որ պատրաստ են ստորագրել Ազնավուրի խոսքերի տակ:

Top 6. Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան

Չինաստանի Նինբո քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի թիմային առաջնությունում հենց նրանք կերտեցին Հայաստանի շախմատի հավաքականի հաղթանակը` վաստակելով 14 միավոր, չկրելով ոչ մի պարտություն, նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նրանց օդանավակայանում դիմավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ համացանցը, մամուլը մի քանի օր շարունակ ողողված էր նրանց մասին գովեստի խոսքերով, շնորհավորանքներով եւ մաղթանքներով:

Top 5. Նարեկ Սարգսյան

«Մնացել էինք Նարեկ Սարգսյանի հույսի՞ն», «Հյուսիսային պողոտայից հետո, Նարեկին ընդհանրապես պետք էր վտարել պետությունից», «Ես դեմ եմ, որ Նարեկ Սարգսյանը շարունակի աղավաղել մեր քաղաքը»: Սրանք մի քանի հազար մեկնաբանություններից մի քանիսն են, որ տեղադրված էին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի Facebook-ի էջում, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ Նարեկ Սարգսյանը նշանակվելու է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ:

Թեպետ քաղաքապետը խորհուրդ տվեց մի քանի ամիս սպասել եւ Նարեկ Սարգսյանին քննադատել նոր կատարվելիք աշխատանքների համար, սակայն գլխավոր ճարտարապետի անվան շուրջն աղմուկն ու քննադատությունը չդադարեցին, հատկապես, երբ նա առաջարկեց կառավարության շենքում գմբեթ, իսկ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի վերեւի հատվածում 4-աստղանի 7-հարկանի հյուրանոց կառուցել: Այս ամենին ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց, որ սպիտակ ձեռքեր ունի եւ իր լուման է ներդրել մայրաքաղաքի բարգավաճման գործում:

Top 4. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Վրաստան եւ հատկապես Ջավախք կատարվելիք այցն անցնող տարվա ամենաքննարկված թեմաներից էր: Խրիմյան Հայրիկից հետո սա հոգեւոր մակարդակով առաջին պաշտոնական այցն էր Ջավախք: Մինչ այցը Մայր աթոռից հայտարարել էին, որ կաթողիկոսը Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը առաջ է քաշելու նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը: Այցի օրերին Youtube-ում հայտնվեց երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման տեսագրությունը, որտեղ Գարեգին Երկրորդը ռուսերենով վրացական կողմին մեղադրում էր «առեւտրուր» անելու մեջ: Տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց, Գարեգին Երկրորդը դարձավ համընդհանուր քննարկման թեմա, իսկ տեսագրությունը մի քանի օրում դիտեց մի քանի տասնյակ հազար մարդ: Թեպետ Մայր աթոռը հայտարարեց, որ տեսագրությունը մոնտաժված է, սակայն տեսագրության քննարկումները չդադարեցին: Գարեգին Բ-ի անունը կրկին հայտնվեց մամուլում եւ սոցցանցերում, երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, խոսելով Հաղարծինի եկեղեցու մասին, հիշեց, որ տարիներ առաջ կաթողիկոսն իրեն ասել է, որ այդ սարի գլխին կանգնած օբյեկտների հետ ինքը գործ չունի: Կաթողիկոսի այս արտահայտությունները քննարկվեցին ու քնադատվեցին: Հրապարակվեցին նաեւ աջակցող հոդվածներ, որտեղ հեղինակները գրում էին, թե չեն հավատում, որ Գարեգին Բ-ն կարող էր նման արտահայտություն ունենալ: Մի կողմից Մայր աթոռը հայտարարում էր, որ կաթողիկոսը նման խոսք չի հայտնել, մյուս կողմից Սամվել Կարապետյանը հավաստիացնում էր, որ բառ առ բառ հիշում է Գարեգին Բ-ի խոսքերը: Ասել էր, թե ոչ, տեսագրությունը մոնտաժված էր, թե ոչ, այդպես էլ պարզ չդարձավ, սակայն կաթողիկոսը որոշ շրջանակների ջանքերով համալրեց տարվա ընթացքում ամենաքննարկված անձանց շարքը:

Top 3. Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոման Բերեզովսկի

Տարին բեղմնավոր էր հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի հավաքականի ելույթներն ու հաղթանակները ստիպեցին, որպեսզի անգամ ֆուտբոլից շատ հեռու անձինք երկրպագեն Հայաստանի հավաքականին: Տարվա ընթացքում հատկապես այս երեք ֆուտբոլիստների անուններն էին շրջանառվում: Նրանք լավագույններից էին թե՛ հավաքականի կազմում, թե՛ ակումբային առաջնությունում: Եթե Հենրիխն ու Յուրան պարբերաբար հայտնվում էին հասարակության, մամուլի եւ սոցցանցերի ուշադրության կենտրոնում խփած գեղեցիկ գոլերով եւ արդյունավետ խաղով, ապա Բերեզովսկին դարձավ համընդհանուր քննարկման անձ Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ, երբ մրցավարը կարմիր խաղաքարտ ցույց տալով Հայաստանի հավաքականի դարպասապահին: «Բերեզովսկի մենք քեզ հետ ենք», «Հենրիխ եւ Յուրա, դուք լավագույնն եք», «Ես սիրում եմ իմ հավաքականին» եւ այլ պաստառներով եւ կոչերով հարյուրավոր երկրպագուներ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ֆուտբոլի մեր հավաքականին: Վերջերս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծարման արարողությանը տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Յուրա Մովսիսյանը, երրորդը` Ռոման Բերեզովսկին:

Top 2. Անժելա Սարգսյան

Հայ հասարակությունը որոշակի ժամանակահատված տառապեց մի հիվանդությամբ, որ կոչվում էր «Անժելացավ»: Դերասանուհի Անժելա Սարգսյանի մարմնի բարեմասնությունները տեւական ժամանակահատված ուսումնասիրեց հայ հասարակությունը: Անժելայի պոռնո բնույթի մի քանի լուսանկարներ տեղադրվեցին համացանցում` դառնալով հանրության սեփականություն: Զանգվածային լրատվամիջոցներից թերեւս միայն «Ազգ» օրաթերթը չանդրադարձավ Անժելայի պատմությանը: Հանրապետությունում կարծես թե չմնաց դերասան, երգիչ, մեկնաբան, լրագրող, որ մեկնաբանություն չաներ Անժելայի մասին: Նա ամենուր էր` համացանցում, կայքերում, թերթերում, ամսագրերում: Facebook-ում խմբեր էին ստեղծվում, որոնք աջակցում կամ դատապարտում էին Անժելային: Հեռուստատեսությամբ Անժելան հայտարարեց, որ լուսանկարները տեղադրել է սիրեկանը, սիրեկանը հայտարարում էր, որ լուսանկարել ու համացանցում տարածել է Անժելան: «Անժելացավն» ավարտվեց միայն այն ժամանակ, երբ ամուսինը հայտարարեց, որ բաժանվում է կնոջից, իսկ սիրեկանին ձերբակալեցին պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ եւ տեսանյութ տարածելու համար: Թե ով էր իրականում լուսանկարների տարածողըՙ այդպես էլ անհայտ մնաց: Թեպետ դերասանուհին կորցրեց իր աշխատանքը, ընկերներին, գործընկերներին, ամուսնուն եւ սիրեկանին, սակայն ապահովեց PR, որպես առաջին հայ դերասանուհի, ում պոռնո նկարները տեղադրվեցին համացանցում:

Top 1. Կարեն Կարապետյան

Մեկ տարի նա drive էր ապրում, որոշումներ կայացնում, որոնք քննադատվում էին հասարակության եւ մամուլի կողմից, Facebook-ի իր էջից նա ռոք էր քարոզում ու միաժամանակ գունազարդում Երեւանը: Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը տարվա ամենաքննարկված, գործունեությունն ու խոսքերը ամենալուսաբանված անձն է: Նրա յուրաքանչյուր խոսք, որոշում եւ ելույթ հասարակական քննարկման առարկա էր դառնում: Նրան չէին սիրում բացօթյա առեւտրով զբաղվողները, կրպակատերերը, սակայն դա նրան չէր անհանգստացնում: Երեւանը դարձնել գունազարդ, մաքուր եւ կանաչապատ. սա էր քաղաքապետի թիվ մեկ խնդիրը: Կարապետյանի facebook-յան էջը նույնպես ամենաքննարկվածն էր: Այստեղ նրան սեր էին խոստովանում, քննադատում, գովում երաժշտական ճաշակը, արտաքին տեսքն ու քննադատում նրա կայացրած որոշումները: Քաղաքապետի հրաժարականն էլ կազմակերպվեց մեծ շուքով եւ աղմուկով: Քաղաքապետի facebook-յան պատը մի քանի օր շարունակ վերածվել էր լացի պատի: Նրան խնդրում-աղաչում էին, որ չլքի իրենց, չկոտրի Երեւանի եւ երեւանցիների սիրտը: Մի քանի օր շարունակ մամուլն ու համացանցը քննարկում էին Կարապետյանի հրաժարականն ու նախկին քաղաքապետի վերջին ելույթը: Այնուհետեւ Կարեն Կարապետյանը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում, երբ պարզվեց, որ նա «Գազպրոմ»-ից աշխատանքի հրավեր չի ստացել: Եվս որոշ ժամանակ անց Կարապետյանին կրկին հիշեցին, երբ պարզ դարձավ, որ նա նշանակվել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ, ի Մոսկվա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4