«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»ՙ ՀՕԳՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԴԼՅԱՆ ԴՊՐՈՑԻ

«Շենքերն ինձ համար քարե անշունչ ու անհոգի կառույցներ կամ միայն կացարաններ չեն: Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող եւ ճաշակ կրթող երեւույթներ»: Երեւանաբնակ նկարիչ, գրքերի հեղինակ եւ Հայ օգնության ֆոնդի մամլո քարտուղար Լեւոն Լաճիկյանն այս հավատամքով է մոտենում իր աշխատանքներին: Նրա «Տաթեւի վանքը Գորիսում», «Հովհաննես Շիրազի թանգարանը Գյումրիում», «Բաալբեկի տաճարը Լիբանանում», «Հառաչանքների կամուրջը Վենետիկում», «Էմպայր սթեյթը Նյու Յորքում», «Սբ Հովհաննես-Մկրտիչ հայկական եկեղեցին Փարիզում» եւ բազմաթիվ այլ խառը տեխնիկայով եւ վարպետի նրբաճաշակ բծախնդրությամբ կատարված գրաֆիկական եզակի աշխատանքները դեկտեմբերի 2-ին ներկայացվել են Բեյսայդի (Նյու Յորք) Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու Կոստանդնուպոլսի Հայ օգնության ընկերության (CARS) հովանավորությամբ բացված ցուցահանդես-վաճառքում, որի հասույթն ամբողջությամբ հատկացվելու է Հայաստանում գործող Հինդլյան դպրոցին:

Բազմավաստակ լրագրող Ֆլորենս Ավագյանն այդ առթիվ գրում է «Միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 10-ի համարում:

«Քանի որ Կոստանդնուպոլսում արդեն վաղուց չի գործում Հինդլյան վարժարանը, տեղի հայ օգնության «Քարս» ընկերությունն այժմ հովանավորում եւ ֆինանսավորում է, Երեւանի ՀՕՖ-ի ղեկավարությամբ եւ կազմակերպությամբ, Հայաստանում գործող ադրբեջանական սահմանից ընդամենը 200 մետր հեռավարության վրա գտնվող համանուն Հինդլյան դպրոցը, որն այժմ ունի 150 աշակերտ:

Ցուցահանդես-վաճառքի ներկա գտնվողների թվում էին պատվարժան հյուրերՙ ինչպես Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Բարոնը, որն առաջին հայն է, որն ավելի քան 12 տարի է, ինչ վարում է այդ բարձր պաշտոնը, «Քարս» ընկերության նախագահ Թամար Կայսերյանը, նախկին նախագահներ Ֆրենկ Կաբարաճյանն ու Պերճ Արազը, այլ աշխատակիցներ, ինչպես նաեւ ՀՕՖ-ի նյույորքյան գրասենյակից Արթո Որբերյանը, Անդրե Բերգը եւ Նունե Սուքիասյանը:

Կտավների հեղինակ գծանկարիչն իրեն հատուկ հումորով եւ սրամտությամբ նշեց, որ ցուցահանդեսն ընդհանուր «Հայկական աշխարհ» խորագրի ներքո է ընթանում, որովհետեւ հայեր կան աշխարհի ցանկացած անկյունում: «Թռչունը երկու թեւերի կարիքն ունի թռչելու համար: Այդպես էլ Հայաստանն ու սփյուռքը: Հայկական աշխարհը սահմաններ չունի: Հայաստանը հրաշալի բնություն ունի, բայց տնտեսությունը կաղում է: Մենք պետք է այնպես անենք, որ տաղանդավոր մարդիկ մնան Հայաստանում, իսկ դրա համար անհրաժեշտ է նրանց օժտել աշխատանքով», ասաց նա, ավելացնելով, որ Հայաստանի որբանոցներում ներկայումս 1.400 երեխաներ կան, որոնց մի փոքր մասը երկկողմանի ծնողազուրկ է, մյուսներն էլՙ ծնողներ ունեն, սակայն վերջիններս չեն կարող նեցուկ կանգնել իրենց զավակներին»: «Ուսանողների թիվն էլ նավզում է արտագաղթի եւ ծնելիության ցածր ցուցանիշերի հետեւանքով, որի արդյունքում դասատուներն էլ կորցնում են իրենց աշխատատեղերը», մտահոգություն հայտնեց արվեստագետը, մասնավորելով այն հանգամանքը, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային շրջաններում մենք պարտավոր ենք ապահովել եւ պահպանել բնակչության թվաքանակը, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր տարածքներին: «Հինդլյան դպրոցն ստանձնել է այդ առաքելությունը», եզրակացրեց նա:

Լենինականում (այժմՙ Գյումրի) 1955-ին ծնված արվեստագետը ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը եւ այնուհետեւ ԵՊՀ ասպիրանտուրանՙ «Գեղագիտություն» մասնագիտությամբ: 1981-ից դասավանդել է Երեւանի պետական համալսարանում եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 1992-94 թթ. աշխատել է «Ազգ» օրաթերթումՙ որպես մշակութային մեկնաբան: 1995-2000 թթ. աշխատել է օպերայի եւ բալետի ազգային թատրոնումՙ որպես Հանրային կապերի վարիչ: Ներկայումս ՀՕՖ-ի մամուլի քարտուղարն է: ՀՀ նկարիչների միության անդամ է 1999-ից, իսկ ՀՀ լրագրողների անդամՙ 2005-ից: Հեղինակ է հինգ գրքերի: Անհատական ցուցահանդեսներ է տվել Գորիսում, Գյումրիում, Երեւանում եւ Նյու Յորքում: Պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» 2010 թվականին»:

Ավելացնենք, որ նրա մասին մեր օրերի մեծանուն վարպետ Հակոբ Հակոբյանն ասել է. «Մեծապես տպավորված եմ Լեւոն Լաճիկյանի գծանկարներով: Դրանք նրբագեղ են, զգայուն եւ կառուցված են կոմպոզիցիայի եւ տարածության եզակի զգացումներով: Հեղինակը կենդանի եւ թրթռուն պատկերներ է ստեղծում գծերի գերազանց մատուցմամբ: Կարեւոր է, որ նրա գծանկարները սոսկ փաստացի վերատպություններ չեն: Տարբեր կառույցների ճարտարապետական մանրամասնությունները վեր հանելով, նա միաժամանակ կարողանում է վերանալ դրանցից եւ իր անձնական վերաբերմունքն արտահայտել այդ ամենին»:

«Ազգն» իր երբեմնի աշխատակցին մաղթում է նորանոր բարձունքներ արվեստի բնագավառում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4