ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Սովորույթներով ու մտածողության կարծրատիպերով ապրող մի ընտանիք որոշեց այս Նոր տարվա տոնը ավանդական ընդունված ձեւից հրաժարվել եւ անցկացրեց քաղաքից դուրս, ամառանոցային իր տանը: Սակայն ոչնչով փոխել իրականությունը չկարողացավ: Այնտեղ էլ նույն սեղանն ու հյուրերը. որտեղից որտեղ իրենց գտան Երեւանից եկած ազգականներՙ հեռու-մոտիկ, կամ ոչ ազգականներ, ընկերներ, հարեւաններ: Նույնն ինչ այստեղՙ Երեւանում, միայն հյուրերի տեսականին էր տարբեր:
Ծանոթ երիտասարդ մի հայ ընտանիք տոներն անցկացրեց Գերմանիայում: Հայաստանի հանգստի վայրերումՙ Ջերմուկ, Ծաղկաձոր, Արզնի, Աղվերան եւ այլ, այս օրերն անցկացրին շատերը: Բայց դա դյուրին բան չէր. նախ պետք էր վաղօրոք կազմակերպել, հետո էլ բավականաչափ գումար պետք է ունենաս: Շատ ավելի, քան եթե փորձես արտերկրյա ճամփորդություն անել, ասենքՙ Դուբայ, Անթալիա, նույնիսկ Եվրոպա: Բարեկամս, օրինակ, Գերմանիայի Էսսեն քաղաքում հյուրանոցային կեցության (նախաճաշով) համար 3 անձի համար վճարել է օրը 60 եվրո:
Հապա փորձիր Ջերմուկի կամ Ծաղկաձորի հանգստի վայրերում նման բան փնտրել-երազելն իսկ վտանգավոր է: Թանկ երկիր է մեր երկիրը. ամեն ինչ թանկ է, միայն աշխատավարձն է էժան: Գրողներից մեկը, օրինակ, չկարողացավ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մի քանի օր իր համար տեղ ապահովել, որովհետեւ պետք էր նախօրոք հայտնել. 1 ամիս առաջ բոլոր տեղերը սպառված են եղել:
Նման շռայլություն իրենց թույլ են տվել իհարկե ապահովված ընտանիքները: Մյուսները մնացել են իրենց տներում եւ ավանդական հայկական Նոր տարի արել: Ամանորյա գիշերը Երեւանի ռեստորաններն ու զվարճանքի վայրերը լեփ-լեցուն էին, նույն օրը քիչ թե շատ ներկայանալի նման վայր գտնել ժամանցի, անհնար էր: Իսկ ընտանեկան հարկի տակ ամեն ինչ ու ամենուր նույնն էՙ հյուրեր, շնորհավորանքներ, բաժակաճառեր-մի քիչ հումոր, պարտադիրՙ քննական-համեմատական սեղանաբանություն, խոսակցություններՙ հավուր պատշաճի, երբեմն էլ անկեղծ, վերջապեսՙ հոգնություն. կանայք սպասք տանել-բերելուց, տղամարդիկ նույն կենացն ասելուց ու խմելուց: Այսպես շարունակվող 6-7 պարապ օր, սեղանային ինքնախաբեությունՙ տարին մեկ անգամ իրար տեսնող հարազատների իբր ջերմ խոսքերից: Ու տաղտուկ, որ իջնում ու ներսումդ կուտակվում է այնպես, ինչպես դատարկված շշերի հորանջը խոհանոցի անկյունում: Հատնող համբերություն բաժակների միալար զնգոցից ու ափսեներում ուտելիքի մնացորդի կուտակումներից: Գլխացավ, հետն էլՙ ջղացավ: Խմելը դառնում է պարապը լցնող միջոց:
...Վաղուց արդեն գավառականության հունը մտած քաղաքը, չնայած տոնական զարդարանքին ու լուսային գեղեցկության (ինչը վայելել հնարավոր է միայն գիշերը, երբ մարդկային կյանքը բացակա է), ասես կաթվածահար է: Հունվարի առաջին երեք օրերը հանրային-սպասարկման վայրերը, առանձին բացառությամբ, չեն գործում, անգամ դեղատներն են փակ:
Հնգօրյա սեղանային կյանքից հետո գալիս է Սբ Ծննդյան տոնը: Հունվարի 6-ին Մայր աթոռից Սբ Ծննդյան խորհրդի արարողության Հ1-ի հեռարձակումից հետո մտքովդ անցնում է, թե այդ օրը գուցե կարելի է հայկական հեռուստաեթերին հետեւել, չնայած Ամանորյա գիշերի անհաջող փորձին, երբ սովորության համաձայն ժամը 12-ին մոտ միացնում ես Հ1-ըՙ հոգեւոր ու աշխարհիկ տերերի խոսքը լսելու, որից հետո, սակայն, ստիպված ես լինում հրաժարվել շարունակությունից, որովհետեւ, ինչպես տեսնում եք, հայկական հեռուստատեսությունների ամանորյա ծրագրերի մակարդակը տարեցտարի ավելի իջնում ու ընդհուպ մոտենում է կենցաղապաշտության աստիճանինՙ ռեստորանային ընթացիկ քեֆ-ուրախության մթնոլորտից չտարբերվելով: Աշխատանքային անձնակազմով տարեվերջյան տոնական օրը ռեստորանում նշած երիտասարդը քամահրանքով ասում էր, թե դրանք ոչնչով չէին տարբերվում նախորդ օրվա իրենց քեֆիցՙ նույն երգչուհին, նույն հագուստով, նույն երգն էր երգում:
Հունվարի 6-ին էլ, որքան նյարդերս թույլ տվեցին, մի քանի անգամ սեղմեցի Հ1-ի, «Արմենիայի» եւ մյուսների կոճակները: Թարսի պես երբ միացնում էի, գովազդ գովազդի հետեւից, Հ1-ն էլ Սբ Ծննդյան եկեղեցական արարողության հեռարձակումից անմիջապես հետո, հայկական սերիալային գովազդի տարափ տեղաց, եւ ոչ մի ֆիլմՙ օրվա խորհրդին համահունչ: Եվ ինչպիսի վանող անոնսներ, դրանց արտաբերման խորշանք առաջացնող հնչերանգ: Դառնում ես դարձյալ արտերկրի հեռուստածրագրերին, եվրոպական լրատվական ալիքներին, գոնե նորություններն այնքան հետաքրքրական են ներկայացնում, որ չես ձանձրանում անգամ պարբերական կրկնությունները մի քանի անգամ լսելուց:
Տոնական միակ տպավորությունը հունվարի 1-ի գիշերային Երեւանն էՙ տաքսի մեքենայի ապակիների ետեւից հայացքս շոյող քաղաքի լուսային խաղերը, լապտերների դեղնավուն լույսի տակ մեղմորեն օրորվող ձյան փաթիլներըՙ անոտնահետք փողոցների:
Հ.Գ. Գրելուց հետո մտածում էի, թե արդյոք տոնի-տոնականության հետ կապ ունի՞ այս օրերի իմ տպավորությունները, արդյոք շատ սուբյեկտիվ չե՞մ: Երեկ սակայն, երբ առիթ ունեցա շփվելու ավելի լայն շրջանակների հետ, պարզվեց, որ շատերն են այս վերաբերմունքը կիսում: Երբ ասացի, թե Նոր տարին մեզանում շատ կենցաղային տոն է, ուղղակի աման լվանալու տոն, երիտասարդ համակրելի մի կին ժպտաց, թեՙ բոլորը տրտնջում են, բայց փոփոխություն անող չկա:
Գիտեք, հե՞շտ է այսպիսի ամուր կարծրատիպը ջարդել: Բայց մտածել պե՛տք է: