«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ` «ՍԵՓԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

Հայաստանայն գրեթե բոլոր կայքէջերի պարագայում աղբյուրի դերակատարություն ստանձնած ինչ-որ անհայտ անձանց տեղեկություններովՙ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս տարվա առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հունվարի վերջին:

Որ կայքէջերի ու լրատվական գործակալություն ներկայացող ԶԼՄ-ներից շատերի դեպքում «սեփական աղբյուր» ասվածն ընդհանրապես բացակայում է, նորություն չէ: Սակայն եթե ոչ հակամասնագիտական, ապա առնվազն անճոռնի երեւույթ է, երբ էլեկտրոնային, եւ ոչ միայն, լրատվամիջոցներից մեկը մյուսից գողանում է տեղեկությունն ու որպես «իր աղբյուրներից ստացված ինֆորմացիա» տեղավորում իր էջում: Ստացվում է, որ բոլոր լրատվամիջոցները իբր սեփական «հավաստի» աղբյուրներ ունեն, ինչն, իհարկե, գովելի կարելի է ընդունել, եթե հաշվի չառնեինք, որ սրա-նրա արդեն իսկ հրապարակած տեղեկությունների գողությունը գովաբանության շարքում չի տեղավորվում:

Ինչեւէ, ըստ այդ բազմաթիվ ԶԼՄ-ների, լավագույն դեպքում, մեկ-երկու աղբյուրների, իսկ գերազանց իրավիճակում` հավաստի աղբյուրների, որոնց հղում անել հնարավոր չէ, հանդիպումը տեղի է ունենալու Սոչիում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Որ այդպիսի հանդիպումը «սարերի հետեւում» չէ, Բաքվում ու Երեւանում նախորդ տարեվերջին իր հրաժեշտի այցելությանը տեղեկացրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի արդեն նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ասել է, թե շատ հավանական է, որ հունվարի 23-24-ին երեք նախագահները վերջապես անդրադառնան այն հարցերին, որ այդպես էլ որեւէ լուծում չստացան նախորդ տարի հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած հանդիպմանը, որին Ադրբեջանը ներկայացել էր «անակնկալով»` ի դեմս 10 առաջարկների:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4