«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ԲԵՆԶԻՆԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՎ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը մեկնարկեց երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրական եզրակացությանՙ Օհանյանը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնաս: Համաձայն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների` Օհանյանի` պետությանը պատճառած վնասը կազմել է 217 միլիոն դրամ: Թեպետ Օհանյանը մեղադրանքը չի ընդունել, սակայն նրա ընտանիքն ու հարազատները փոխհատուցել են պետությանը պատճառած վնասի մի մասը` 177 միլիոն դրամ: Բենզինի յուրացման գործում մեղադրանք է առաջադրվել նաեւ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժամունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին:

Լսելով դատախազ Հարություն Հարությունյանի մեղադրական եզրակացությունըՙ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը մեղադրյալներին հարցրեց. «Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք»: «Ո՛չ, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», ասաց Օհանյանը: «Հրաժարվում եմ պատասխանելուց», հավելեց Կարախանյանը, իսկ Լեւոնյանն ու Մախմուրյանն էլ ընդունեցին մեղքի իրենց բաժինը:

Դատական նիստի սկզբում Օհանյանի պաշտպան Վասակ Մկրտչյանը ներկայացրեց միջնորդություն Օհանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Փաստաբանը դատարանից պահանջում էր, որ կալանքի փոխարեն Օհանյանը ստորագրությամբ ազատ արձակվի` պայմանով, որ նա քաղաքից չի բացակայելու: Փաստաբանի հիմնավորմամբ` գործով անցնող մյուս երեք ամբաստանյալները ստորագրությամբ գտնվում են ազատության մեջ: «Բացի դրանիցՙ Օհանյանը շաքարային դիաբետ ունի եւ ինսուլին է սրսկվում:

Նախաքննության փուլն անցել է, ու մտավախությունը, որ նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա, բացառվում է»:

Սակայն նախագահող դատավորը մերժեց փաստաբանի միջնորդությունը` անփոփոխ թողնելով Օհանյանի խափանման միջոցը:

«Եթե կա այդպիսի հնարավորություն, ես կցանկանայի նախագահող դատավորի եւ դատախազի հետ առանձին զրուցել` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների», խոսքն այսպես սկսեց Մարգար Օհանյանը` պարզաբանելով, որ լրատվամիջոցներն իրեն չեն խանգարում, սակայն կան հանգամանքներ, որոնք նա կցանկանար ներկայացնել միայն դատավորին եւ դատախազին: Օհանյանն ասաց, որ օգոստոսի 30-ին նրան կանչել են հատուկ քննչական ծառայությունից, որտեղ նա բացատրություն է տվել, ասել, որ նման բան չկա: Հատուկ քննչական ծառայությունում նա անցկացրել է 40 րոպե, որից հետո հեռախոսազանգ է եղել, եւ նա վկայից դարձել է կասկածյալ ու ձերբակալվել: Օհանյանը հավելում է, որ կան հանգամանքներ, որոնք նա այս պահին չի կարող արտահայտել: Ճանապարհային ոստիկանության նախկին պետը կատարվածի վերաբերյալ ունի սեփական բացատրությունը. «Պարզապես ինձ պետք էր հեռացնել: Ինձ պետք է կալանավորեին, որպեսզի այն ամենը, ինչ ի սկզբանե դրված էր, գար ու հասներ իր ավարտական փուլին»: Նախագահող դատավորն Օհանյանին տեղեկացրեց, որ օրենքից ելնելով անհնար է, որ ամբաստանյալն առանձին զրույց ունենա դատավորի եւ դատախազի հետ: Դատախազն էլ հորդորեց` ունեցած տեղեկությունները հրապարակել: «Բան ունեք ասելու, ասեք», եզրափակեց դատախազը:

«Եթե ես կոնկրետ բան ունենայի ձեր դեմ` ես կհայտարարեի այդ մասին: Իմ հայտարարությունը վերաբերում է կոնկրետ կառույցի` ոստիկանությանը, որտեղ ես ծառայել եմ: Ես բան ունեմ ասելու, թե ո՞վ է եկել, ո՞ւմ է տարել...բայց եթե իրավունք չկա` խնդիր չկա: Սա անձնական հարաբերությունների արդյունք է: Ուզում եմ ասել` ուրիշի կռիվը ձեզ վրա մի վերցրեք, եղեք մաքուր ձեր խղճի առաջ: Իմ անձնական հարաբերությունները համապատասխան ղեկավարների հետ ավարտական փուլի մի հասցրեք: Իմ ժամանակը կգա, ես կասեմ», խոստացավ Օհանյանը` հավելելով, որ դատարանում կհայտարարի, թե ում քանի ժամ են պահել 6-րդ վարչությունում, ինչպե՞ս են պահել եւ ո՞վ է եղել այն բարձրաստիճան միջնորդը, ում անունն այս պահին չի հրապարակի, սակայն նրա անմիջական միջնորդությամբ հերթապահ մասից տարել են ցուցմունք տվողներին: «Գիտեք չե՞մ ասելու, թե ով է եկել տարել: Ասելու եմ», եզրափակեց Օհանյանըՙ խոստանալով սենսացիոն հայտարարություններ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4