«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


ԹՈՒՐՔԻԱՆ` ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԿՈՒՄ

Ամեն տարի նախաապրիլյան շրջանում Թուրքիան ընկնում է անհեթեթությունների գիրկըՙ ամեն անգամ դիմելով նույն քայլերին եւ արձանագրելով նույն անպտուղ վիճակը բոլոր գործողություններից: Սակայն հունվարի վերջին շաբաթում Ֆրանսիայի Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդգրկումը Թուրքիային գցել է շատ տգեղ ու անհաճո մի վիճակի մեջ, երբ սպառնում ու կարծես իրագործում են «Սարկոզի» անվանումով տակդիրներ, զուգարանի թուղթ ու անձեռոցիկ արտադրել:

Սրան էլ նախորդել է «Վալերի Բուայե» պահպանակների արտադրությունը` փորձելով այդ կերպ վիրավորել ցեղասպանության ժխտման համար 1 տարի ազատազրկում եւ 45 հզ. եվրո տուգանք նախատեսող բանաձեւի հեղինակին:

Ակնհայտ է, որ Թուրքիան փրփուրներից է կառչում, հատկապես եթե հաշվի առնենք, որ նույն այդ երկրի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Ֆրանսիայում, որ «խռովելու» պատճառով հետ էր կանչվել վերը նշված բանաձեւի` դեռեւս Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկումների ֆոնին, վերադարձել է Փարիզ, որպեսզի փորձի խոչընդոտել հունվարի վերջին, ամենայն հավանականությամբ հունվարի 24-ին սպասվող քննարկումներին:

Հետաքրքրական է, որ Փարիզ վերադարձի ճանապարհին թուրքական լրատվամիջոցներին թուրք դիվանագետը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահը Եվրոմիության բոլոր երկրներում նախաձեռնել է ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծերի ընդունում` որպես հիմք ընդունելով 2007-ին ԵՄ-ի արդարադատության եւ ներքին հարցերի հանձնաժողովի` ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին շրջանակային որոշումը: Ու թեեւ թուրք դիվանագետը չի նշել, որ մասնավորապես Հոլոքոսթի հերքումը քրեորեն պատժելի ընդունող ԵՄ-ի որոշ երկրների կողքին որոշներն էլ ընդհանրապես որեւէ ցեղասպանություն հերքելու առնչությամբ ունեն օրենսդրական ակտեր, ակնհայտ է, որ սա առավելապես փորձ է կանխելու նման նախաձեռնություններ, որպեսզի դրանք չմատուցվեն որպես «Սարկոզիի նախաձեռնություն»:

Ի դեպ, այս օրերին տարբեր մակարդակներից Թուրքիային կոչ են անում այսպես չարձագանքել Ֆրանսիայում կատարվող իրադարձություններին, հատկապես, երբ որեւէ երկրի սուվերեն իրավունքն է ընդունել օրենքներ եւ պահանջել հարգանք դրանց նկատմամբ: Շատերի չեզոք կոչերի ֆոնին, որոնցում Թուրքիային հորդորում են չխառնշել թուրք-ֆրանսիական եւ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Բուայեի բանաձեւի ճակատագրի հետ, Ալժիրից շատ հստակ պահանջում են, որ Թուրքիան չխաղա ալժիրցիների ջարդերի թեմայով` սեփական շահերի համատեքստում:

Ալժիրի վարչապետ Ահմեդ Օույահիան Թուրքիային կոչ է արել քաղաքական կապիտալ չկուտակել Ալժիրում Ֆրանսիայի գաղութատիրության շրջանում սպանված հազարավոր ալժիրցիների հաշվին «Ֆրանսիայի հետ բառերի պատերազմում` 1915-ի Հայոց ցեղասպանության առնչությամբ», ընդ որում, նույն Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, ալժիրցի վարչապետի հիշեցմամբ, «աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիային»: Օույահիան այսպես է արձագանքել հենց այս օրերին Թուրքիայի կողմից ամեն առիթով Ֆրանսիային ուղղված մեղադրանքներին, թե վերջինս պատասխանատու է Ալժիրի գաղութային շրջանում` 1954-ին եւ 1962-ին սպանված ալժիրցիների «ցեղասպանության» համար:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4