«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2011-12-23 | #234, 2011-12-24 | #1, 2012-01-10


50 ՏԱՐՎԱ ԿԵՂԾԻՔ

Դեկտեմբերի 24-ին լրացավ Իլհամ Ալիեւի 50-ամյակը:

Թվում է` արտառոց ոչինչ չկա. մարդը դարձել է 50 տարեկան, պաշտոնի բերումով շնորհավորանքներ ստացել: Մնացածը վարագույրից այն կողմ է. ինչպես որեւէ անհատ, նա էլ ունի անձնական գաղտնիքի իրավունք: Թեեւ, դարձյալ պաշտոնի բերումով, հարկ էր, որ Իլհամ Ալիեւն իր հպատակներին գոնե կեսբերան տեղեկացներ, թե ինչ մթնոլորտում եւ ինչպես է անցկացրել կեսդարյա հոբելյանը:

Նրա փոխարեն դա արել է աշխատակազմի պատասխանատուներից Ալի Հասանովը: Ըստ այդմ, Իլհամ Ալիեւը «ծննդյան օրը գտնվել է Ղարաբաղում եւ այնտեղ էլ, միայն ընտանիքի անդամների հետ, նշել տոնը»:

Հասանովի խոսքերը դարձան ադրբեջանական եւ ոչ միայն, լրատվամիջոցների «թոփ» խորագրեր: Նույնիսկ ռուսաստանյան մամուլը գրեց, որ Իլհամ Ալիեւը «ծննդյան օրը նշել է Ղարաբաղում»: Իրականում, մինչդեռ, եթե անգամ հավատալու լինենք ադրբեջանական քարոզչությանը, նա ընդամենը «ժամանել է Աղջաբեդիի շրջան եւ ներկա գտնվել փախստականների համար կառուցված ավանի բացմանը»: Որտեղ է Աղջաբեդին, եւ որտեղ` ռազմաճակատային գիծը, հայտնի է բոլոր նրանց, ովքեր դպրոցում աշխարհագրությունից գոնե «միջակ» գնահատական են ստացել:

Բայց նույն օրն Իլհամ Ալիեւը ընտանյոք հանդերձ այցելել է ծնողների` «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի եւ ակնաբույժ-ակադեմիկոս Զարիֆա Ալիեւայի շիրիմներին: Հավանաբար` երախտագիտություն հայտնելու, որ նրանք ամուսնությունից 13 տարի անց, չնայած չեկիստական եւ գիտաբժշկական աշխատանքով ահռելի ծանրաբեռնվածությանը, այնուամենայնիվ հասցրել են իրեն լույս աշխարհ բերել:

Դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիեւը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ներկա է գտնվել նաեւ «նոր Բաքվի» հիմնարկեքի արարողությանը` ուղեկից ունենալով դարձյալ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային, երկու դուստրերին եւ որդուն: Այսպիսով ստացվում է, որ մեկ օրվա ընթացքում հոբելյարը ե՛ւ ծնողների շիրիմներին է հարգանքի տուրք մատուցել, ե՛ւ «ժամանել Աղջաբեդի», եւ «նոր Բաքվի» շինարարության առաջին քարը դրել:

Հնարավո՞ր է դա: Տրամաբանորեն` ոչ:

Բայց չէ՞ որ խոսքն «առանձնահատուկ օժտվածության տեր» Իլհամ Ալիեւի մասին է: Չէ՞ որ նա 16 տարեկան դեռ չկար, երբ «փայլուն հանձնում էր» ՄԳԻՄՕ-ի ընդունելության քննությունները: Որպեսզի հետո դասերից փախչի, Վալենտին Զորինից «անբավարար» գնահատվի, հեռացվի ինստիտուտից, հոր միջամտությամբ «ուսումը շարունակի» Կիեւում: Ապա կրկին տեղափոխվի ՄԳԻՄՕ...

Մի՞թե զավեշտ չէ, երբ կեսդարյա հոբելյանի նախօրեին ռուսաստանցի լրագրող Գուսմանը, ցույց տալով մի թղթապանակ, Իլհամ Ալիեւին հարցնում է.

- Սա ձեզ ծանո՞թ է:

- Ոչ,- հետեւում է պատասխանը:

Բանից պարզվում է, հարցազրույցին նախապատրաստվելիս Գուսմանը հատուկ ՄԳԻՄՕ-ի պահոցներում փնտրել եւ գտել է Իլհամ Ալիեւի «թեկնածուական»-ի ավտոռեֆերատը, իսկ «քաղաքագիտության թեկնածու»-ն բոլորովին էլ չի հիշում, որ ինքը նման գործ է «հեղինակել»:

Բացառիկ «օժտվածության» տեր է Իլհամ Ալիեւը: Ոչինչ չես ասի: Այնքան, որ իր «գրածները» չի հիշում: Փոխարենը, սակայն, Բաքվում նոր «գաղափար» են հղացել. քարոզչությունը շրջանառության մեջ է դրել «Իլհամ Ալիեւի միջազգային կենսագրություն» հասկացությունը:

Եվ դա ասվում է ամենայն լրջությամբ: Մարդն, ուրեմն, երկու կենսագրություն ունի` «տեղական» եւ «միջազգային»: Տեղականը բանի պետք չէ: Մնում է պատվիրել «միջազգայինը»: Որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իլհամ Ալիեւը «պատկանում է ընտրյալների դասին, ի ծնե պետական գործիչ է»: Եվ գիտե՞ք, թե ինչ «զուգահեռ» են անցկացրել: Շատ «դիպուկ». գրել են, որ ԱՄՆ-ում նախագահ է եղել ե՛ւ ավագ, ե՛ւ կրտսեր Ջորջ Բուշը: Կարեւոր չէ, որ ավագն ընտրություններում հաղթել է Ռոնալդ Ռեյգանին, կրտսերը` Բիլ Քլինթոնին:

Իլհամը, մինչդեռ, իշխանությունը նվեր է ստացել Հեյդարից եւ պատրաստվում է փոխանցել, ինչպես քույրերից ավագն է եղբոր մասին ասել, «Հեյդարչիկին»: Ադրբեջանում սեփական «արքայատոհմ» հաստատելու գաղափարն, ամենայն հավանականությամբ, Հեյդար Ալիեւի մտքում ծագել է Իլհամի ծննդյան առթիվ: Կեղծիքն, այսպիսով, 50 տարվա պատմություն ունի: Եվ դեռ որքա՞ն է շարունակվելու` կախված է հարեւան ժողովրդի համբերությունից: Ի վերջո, երեւի ճիշտ է, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4