Տարեկան 132 հազար դրամՙ 4 տեսակի ծառայություններից օգտվելու համար
2012-ից պետական համակարգում աշխատողների մեծ մասին պետության կողմից կհատկացվի այսպես կոչված «սոցիալական փաթեթ»: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց անցյալ տարվա վերջին նիստի ժամանակ: Նկատի ունենալով, որ սոցիալական փաթեթից օգտվելու է մոտ 120 հազար մարդ, բնական է հետաքրքրությունը նրա նկատմամբ: Այսպիսով, ի՞նչ է սոցիալական փաթեթը, ովքե՞ր են օգտվելու նրանից եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում:
Սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար 2012-ին կլինի 132 հազար դրամ: Այդ գումարի շրջանակներում պետական ծառայողները, ինչպես նաեւ որոշ ոլորտների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) վարչական եւ մասնագիտական աշխատողները կարող են օգտվել բժշկական ապահովագրությունից, վճարել հիփոթեքային վարկի ամսական վճարները, ուսման վճարները, անցկացնել իրենց հանգիստը Հայաստանի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Սոցիալական փաթեթից օգտվելու հատկացումներն իրականացվելու են բացառապես անկանխիկ ձեւով` փոխանցելով համապատասխան գումարը ծառայություն մատուցող կազմակերպության բանկային հաշվին: Ընդ որում, բժշկական ապահովագրության ծառայությունը աշխատողների համար պարտադիր է, իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար` կամավոր, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից կարող է օգտվել աշխատողը կամ նրա ամուսինը որոշակի չափորոշիչների բավարարման դեպքում, ուսման վճարից կարող են օգտվել աշխատողը եւ/կամ աշխատակցի անմիջական ընտանիքի անդամները, հանգստի ապահովման ծառայությունից կարող են օգտվել աշխատողները եւ նրանց անմիջական ընտանիքի անդամները (աշխատողի ամուսինը, մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակները):
Բժշկական ապահովագրության ծառայության ընտրության դեպքում աշխատողը հնարավորություն ունի ընտրելու ՀՀ ԿԲ-ի գրանցած որեւէ ապահովագրական ընկերություն: Հիփոթեքային վարկի ամսական վճարը աշխատակիցը կարող է մարել, եթե իր հիփոթեքային պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին: Ուսման վճարը կարող է վճարել բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական, հանրակրթական (բացառությամբ մասնագիտացված եւ հատուկ ծրագրերի) կրթական ծրագրեր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնց ցանկը տեղադրված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքում: Իսկ հանգիստը պետական ծառայողը կարող է անցկացնելՙ ընտրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում զբոսաշրջային փաթեթներ առաջարկող տուրօպերատորներից որեւէ մեկի առաջարկը:
Պետության կողմից հատկացվող տարեկան 132 հազար դրամ արժողությամբ սոցիալական փաթեթից կարող են օգտվել «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական ծառայության եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններումՙ հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում, գրադարաններում, թանգարաններում, մշակույթի տներում, թատրոններում, համերգային կազմակերպություններում, կինեմատոգրաֆիայում, տարեցների տուն ինտերնատներում, երեխաների տուն-ինտերնատներում, երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում, «Հայաստանի ազգային արխիվ», «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն», «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն», «Հայաստանի ազգային կինոկենտրոն», «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա», «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ներում աշխատողները եւ նրանց անմիջական ընտանիքի անդամները: Սոցիալական փաթեթի մեջ ներառված չեն կադրերի ռեզերվներում գտնվող անձինք, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Օրինակ, սոցիալական փաթեթից չեն օգտվելու պետական հաստատությունների առաջին դեմքերըՙ նախարարներ, պետական կոմիտեների նախագահներ, մարզպետներ, քաղաքապետներ, նրանց տեղակալները:
Սոցիալական փաթեթը ներդնելով կառավարությունը ցանկանում է պետական ծառայողների համար ստեղծել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ, ընձեռելով տարբեր տեսակի ծառայություններից անվճար կամ մասնակի վճարովի օգտվելու հնարավորություն: Դա, կառավարության համոզմամբ, կնպաստի նրանց սոցիալական կարիքների որոշակի բավարարմանը, աշխատանքային արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ պետական մարմիններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ